Aravot.am-ը գրում է.

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը դավաճանության մասին ձեւակերպմամբ հանցագործության մասին հաղորդում հանձնեց: «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ աներկբա հիմքեր կան, որոնք վկայում են, որ Հայաստանում տեղի է ունեցել պատմական աննախադեպ դավաճանություն եւ պետք է անհապաղ հարուցվի քրեական գործ ու իրականացվի օբյեկտիվ, անաչառ, համակողմանի եւ բաց քննություն:

«Պետք է իրականացվի բացառապես իրավական լուծում եւ այդ իրավական լուծումը կախված է կոնկրետ դատախազության շենքում գտնվող մարդկանցից: Հիմա մենք խնդրում ենք հանդիպում Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Խնդրում ենք իրեն՝ իջնել: Այստեղ հավաքված են իր գործընկերները, իրավաբանները: Որեւէ ամաչելու բան չկա, եթե չի արել այնպիսի բան, որի համար ամաչի: Թող իջնի:

Մենք իրեն հարցեր կուղղենք, հարցեր կունենան նաեւ լրագրողները: Եվ եթե գլխավոր դատախազը թաքցնելու բան չունի, չի ստանում քաղաքական հրահանգներ, չի առաջնորդվում քաղաքական հրահանգներով, իրեն ոչինչ չի խանգարում իջնել եւ պատասխանել իր գործընկերների, ընկերների եւ լրագրողական մասնագիտական հանրույթի կողմից իրեն տրվելիք հարցերին»:

Փաստաթուղթը փոխանցվեց դատախազության աշխատակցին: Որոշ ժամանակ անց իջավ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Նա հայտարարեց, որ հանդիպման առաջարկվող ձեւաչափը ամենահարմարը չէ եւ ասաց, որ դատախազը պատրաստ է ընդունել երեք հոգու:

Փաստաբանները առաջարկեցին հինգ-վեց հոգու հետ հանդիպում, ինչը գլխավոր դատախազի հետ լրացուցիչ քննարկումից հետո մերժվեց: Գլխավոր դատախազի հետ հանդիպման գնացին Արա Զոհրաբյանը, Արթուր Ղազինյանը եւ Արամ Վարդեւանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել