Ի հավելումն երեկվա հարցերիս՝ մի քանի հարց էլ տամ, ասեք թող պատասխանի։
1. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը անգամ երկրի ներսի համար անգամ ոչ մի պարտականություն չէր սահմանում, էլ ուր մնաց երկրի դրսի համար։ Հատկապես, որ կապիտուլյացիա ստորագրած դավաճանը փաստաթղթում ինքն է համաձայնվել, որ կողմերը կանգնեն այնտեղ, որտեղ կանգնած են։ Բա էլ ինչու՞ են ադրբեջանցիները կանգնած տեղից առաջ գալիս։
2. Աշխարհում էլ որտե՞ղ կա երկիր ու վարչապետ, որ իր ներսի վարչական միավորների բաժանման օրենքը դնում է միջազգային իրավական սահմանագծման հիմքում։ Դա այն դեպքում, երբ առանց համապատասխան հատուկ փաստաթղթի ՈՉ մի երկրում սահման չի գծվում ու չի փոխվում։ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նման փաստաթուղթ չկա։ Չի եղել։ Երբեք։ Պատասխան՝ չկա նման երկիր։
3. Աշխարհում էլ որտե՞ղ կա վարչապետ, որ իր երկրի հազարավոր քաղաքացիների գլուխը կերած թշնամուն ավելի է սիրում, քան իր երկրի որեւէ նախկին իշխանության ու թշնամու շահի ապասարկման համար տիեզերական մասշտաբի անգրագետ փաստարկ է բերում։ Պատասխան՝ ոչ մի։
4. Այդ ինչպե՞ս պատահեց, որ այդ օրենքը 11 տարի գործեց, աշխատեց, ոչ ոք անգամ չիմացավ այդ օրենքի գոյության մասին , անգամ Ադրբեջանը չիմացավ, որ ինքը «ճանաչված սահման ունի», իսկ դու ու պապիկյանը հանկարծ տեղեկացաք այդ մասին։ Պատասխան՝ քանզի Ադրբեջանը եւս ունի նման օրենք ու իր երկրի ոչ մի՝ անգամ տգետ պաշտոնյայի մտքով չի անցել մեկնաբանել դա որպես պետական սահման։ Քանզի պետական սահման Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ չկա։
5. Եթե մի պահ պատկերացնենք, որ ասածիդ մեջ 0.1 տոկոսի ճշմարտություն կար (չկա!!!) եւ այդ օրենքը խանգարում էր քեզ, ով էր ձեռքդ բռնել, փոխեիր։ Դե որովհետեւ նորմալ, անգամ աննորմալ երկրներում այդ օրենքը ՄԻԱՅՆ երկրի ներսի համար է նախատեսված։
6. Արցախը նշված չէր իր սահմանակից մասերով, քանզի Արցախը ճանաչված չէր ՊԱՇՏՈՆԱՊԵՍ։ Ու այն ժամանակ դա պատերազմի պատճառ կդառնար։ Հիմա էլ պնդում ենք դա Արցախն է, այն Արցախը, որ շենացրինք, այն Արցախը, որ քեզ համար «ԼՂՀ հսկողության տակ» գտնվող տարածք էր, իսկ մեզ համար հայրենիք։ Դու պատերազմը Արցախ բերեցիր։ Ու հետեւաբար՝ դու ունեիր ամենալեգիտիմ փաստարկը ճանաչելու Արցախը, բայց չարեցիր։ Ինչու՞:
Եվ վերջապես՝ ինչու՞ է ինձ թվում, որ այս ամենն արվում է, քանզի մեզ սպասվում է շոկի ու նվաստացման վերջին սերիան։
Գուցե՞ դու Ալիեւին խոստացել ես իր ուզածները տալ ու հետո, որպես վերջին նվաստացում ինքդ էլ քո հանձնածը ճանաչել որպես Ադրբեջանի սահմանագծված նոր տարա՞ծք։ Գուցե դու նոր Ադրբեջան ես կառուցու՞մ։ Նոր Հայաստանի փոխարեն։ Գուցե՞ դրա համար ես Ալիեւից ավելի մուսուլման ու ճանաչում ես սովետական Ադրբեջանի քարտեզը, երբ ինքը Ադրբեջանը դա չի ճանաչում։ Այո, ճիշտ լսեցիք, չի ճանաչում։
Հ.Գ. Մնացածը՝ այսօր ժամը 12։00 Հանրապետութան Հրապարակում։ Հանուն հայրենիքի ու հանուն արժանապատվության։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել