Մոսկվայում ողջ թափով շարունակվում է քաղաքապետ Սոբյանինի կողմից ձեռնարկված հակաէմիգրանտական արշավը, ու արդեն մի քանի խոշորագույն մոսկովյան շուկաներ դադարեցրել են աշխատանքը, քանի որ քաղաքային վերահսկիչ մարմինները արգելել են դրանց աշխատանքը:
Պաշտոնական դիրքորոշումը հետևյալն է. տնտեսության այս ոլորտում խորը արմատներ են գցել էթնիկ հանցավոր խմբավորումները, և արդյունքում շուկաներում տիրում է բարձիթողի վիճակ: Արդյունքում, «էթնիկ հանցավոր խմբավորումների դեմ պայքարը» բերել է նրան, որ Մոսկվայում ստեղծվել է նելեգալների ճամբար, որտեղ արդեն գտնվում են մի քանի հարյուր էմիգրանտներ՝ Վիետնամից, Միջին Ասիայից և Ադրբեջանից, որոնց պատրաստվում են դեպորտացնել Ռուսաստանից:
Կոնկրետ հայերի մասին դեռ առանձնապես բան չի ասվում, բայց հայտնի է, որ ՀՀ քաղաքացիների համար բավականին բարդացել է մուտք գործել ՌԴ՝ անգամ եթե փաստաթղթային հարցերը լուծված են: Չի բարձրաձայնվում այն փաստի մասին, որ Վրաստանի ու Ռուսաստանի սահմանին՝ Լարսիի անցակետում, բազմաթիվ ՀՀ քաղաքացիների թույլ չեն տալիս մուտք գործել ու բավականին տեղական արգելքներ են սահմանում՝ Ռուսաստան մուտք գործելու համար, եթե պարզվում է, որ տվյալ անհատը, օրինակ, ինչ-որ տուգանք չի վճարել դեռ 2006 թվականին:
Ամեն դեպքում, ակնհայտ է, որ այս ամենը պատահականություն չի, այս ամենը միայն մոսկովյան տենդենց չի ու միայն Մոսկվայով չի սահմանափակվում: Կարծում եմ, որ կարող ենք փաստել, որ Ռուսաստանն արդեն զուտ բանավոր սպառնալիքների ու նախազգուշացումներից անցել է դեռևս թույլ, բայց հստակ գործողությունների՝ հասկացնելով բոլոր հետխորհրդային հանրապետություններին, ովքեր աշխատանքային միգրացիայով կարողանում են ապահովել այն կենսամակարդակը, որն առկա է տեղերում, որ Մաքսային Միությանը չմիանալը բավականին տխուր հետևանքներ կարող է ունենալ և մեծ ներքին լարվածություն առաջացնել հանրապետություններում:
Ի՞նչ խոսք, չի կարելի ասել, որ Ռուսաստանը նրբանկատ քայլերով է իր մեսսիջները հաղորդում (Ռուսաստանն առանձնապես չի էլ փայլել նրբանկատությամբ՝ իր պատմության ողջ ընթացքում), բայց չի կարելի մերժել, որ նման մեսսիջները մաքսիմալ հստակ են ու «լսվող»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/desicdenicblog/posts/212186602270704?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել