Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը տեսակապի միջոցով պարզաբանումներ է ներկայացրել Արցախի Հանրապետության Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում ադրբեջանական գերության մեջ հայտնված զինծառայողների ծնողներին ու հարազատներին:
Պաշտպանության նախարարը նշել է, որ արվում է հնարավոր ամեն ինչ՝ խնդրի արագ կարգավորման համար: Մասնավորապես, ըստ Վաղարշակ Հարությունյանի, գերեվարված 62 զինծառայողների ցանկն արդեն փոխանցված է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, իսկ նրանց անձնական գործերն ուղարկվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Հարցը գտնվում է նաև Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորախմբի ղեկավարության ուշադրության կենտրոնում
Վաղարշակ Հարությունյանը զինծառայողների հարազատներին վստահեցրել է, որ պաշտպանության նախարարությունն անում է հնարավոր առավելագույնը՝ գերեվարված զինծառայողներին Հայրենիք վերադարձնելու համար և որ այս հարցում տարընթերցումներ չկան. ինչպես զինծառայողների հարազատների, այնպես էլ պաշտպանության նախարարության գլխավոր նպատակը մեկն է. օր առաջ ողջ և առողջ հայրենիք վերադարձնել գերության մեջ հայտնված մեր բոլոր զինծառայողներին։
ՀՀ ՊՆ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.286192515550016/861408001361795/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել