Հարգելի հայրենակիցներ, մենք՝ ՀՀ Զինված ուժերի պահեստազորի և պաշտոնաթող գեներալներս, վտանգավոր համարելով Հայրենիքի առջև ստեղծված տագնապալի իրավիճակը, գիտակցելով օր առաջ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, կարևորելով մեր պետության համար պրոֆեսիոնալիզմի և արդյունավետ արտաքին ու ներքին քաղաքականության անհրաժեշտությունը, առաջնորդվելով պետության ընդհանուր անվտանգության և սահմանների անձեռնմխելիության առաջնային խնդիրներով, առանցքային համարելով նոր, պրոֆեսիոնալ, բանիմաց ու քաղաքականապես պատրաստված իշխանությունների ձևավորման հրամայականը, սույն կոչով դիմում ենք մեր հասարակությանն ու իշխանություններին:

Ցավոք, վերջին զարգացումներն ու սանձազերծված պատերազմը պատճառ դարձան մեր Հայրենիքի ու նրա անվտանգության կարևորագույն հատվածի կորստի համար: Մեր ժողովուրդն ու բանակն իրենց ուժերի լարումով կանգնեցին Հայրենիքի պաշտպանության ճակատում ու թիկունքին, սակայն անգրագետ, անփույթ և մեծամիտ իշխանությունները մեր երկիրը տարան կործանարար ճանապարհով: Անհրաժեշտ է օր առաջ վերակազմակերպվել ու դրանում ներգրավել Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ողջ ներուժը, վերլուծել ու գնահատել ստեղծված իրավիճակը, նախանշել ճշմարիտ ուղիները և արագ ձեռնամուխ լինել դրանց կյանքի կոչմանը:

Այսօր առավել, քան պահանջված են ազգ-բանակ սկզբունքի ներքո համախմբվելու և առաջնորդվելու մոտեցումները: Մենք կոչ ենք անում մեր հասարակությանը սթափ նայել օրեցօր ահագնացող հիմնախնդիրներին ու տարածաշրջանում անվտանգային նոր սպառնալիքներին: Այդ նպատակով կարևոր ենք համարում երկրում ներքաղաքական կայունության հաստատումը՝ օր առաջ ապահովելով նոր՝ գրագետ, բանիմաց ու փորձառու իշխանությունների ձևավորումը, պետական բոլոր կառույցների ու հատկապես բանակի խնդիրների հստակ ձևակերպումը: Գործող իշխանությունները ցույց տվեցին, որ ի զորու չեն կառավարելու պետությունը, չունեն դրա համար անհրաժեշտ որակներ, չեն կարող կրել Հայրենիքի առջև ստանձնած ծանր պատասխանատվության բեռը, և պետք է անհապաղ հրաժարական տան:

Մենք այսօր էլ կանգնած ենք մեր ժողովրդի ու բանակի կողքին և պատրաստ ենք մեր ջանքերն ուղղել հանուն անվտանգ Հայաստանի ու Արցախի: Ստեղծված իրավիճակում մեր դաշնակից երկրի՝ ՌԴ խաղաղարար ջանքերին զուգահեռ՝ պետք է անմասն չմնանք ու պատրաստ լինենք թշնամու ցանկացած ոտնձգության: Սա է օրվա հրամայականը:  

Սեյրան Օհանյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ, Արցախի հերոս

Յուրի Խաչատուրով - ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Մովսես Հակոբյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-գնդապետ

Միքայել Գրիգորյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Հայկ Քոթանջյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Լևոն Մնացականյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Արշավիր Ղարամյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Ալիկ Միրզաբեկյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ

Սամվել Կարապետյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Արմեն Ղահրամանյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վլադիկ Հովհաննիսյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վյաչեսլավ Դանիելյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Վալերի Գրիգորյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Աշոտ Պետրոսյան - ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել