Այսօր իրավական համայնքի ներկայացուցիչներս հավաքվել էինք ՀՀ զինվորական, այնուհետեւ՝ ՀՀ գլխավոր դատախազության առջև՝ պարզելու, թե արդյո՞ք մի շարք հիմքերի կապակցությամբ հարուցվել են քրեական գործեր, եւ եթե այո, ի՞նչ ընթացքում են գտնվում, եթե ոչ, ինչո՞ւ:
44 օր տեւած Արցախյան 2-րդ պատերազմի դադարից հետո անցել է շուրջ մեկուկես ամիս։ Թե’ պատերազմի ընթացքում, թե’ դրան հաջորդող ժամանակահատվածում ի հայտ են եկել բազմաթիվ քրեական գործեր հարուցելու համար բավարար հիմքեր։
Ինքս առանձնացրել էի մի քանի հարցադրումներ, եւ քանի որ բովանդակային քննարկում տեղի չունեցավ, ակնկալում են դրանց վերաբերյալ պատասխան արձագանք։ Այսպես.
1. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ նոյեմբերի 9-ին Ն. Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարությունը ստորագրելու հետևանքով ՀՀ սահմանադրական կարգը տապալելու փաստի առթիվ։
Վերոնշյալ հայտարարությունն իր բնույթով միջազգային պայմանագիր է, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ միջազգային պայմանագիրը վավերացնելու եւ ի կատար ածելու համար անհրաժեշտ է ՍԴ-ի դրական եզրակացությունը՝ Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, այնուհետեւ՝ Ազգային ժողովի կողմից դրա վավերացումը։ Այս կարգավորումները՝ որպես զսպող և հակակշռող մեխանիզմներ, հատուկ սահմանված են Սահմանադրությամբ, որպեսզի կանխվի մեկ պաշտոնատար անձի կողմից միանձնյա նմանաբնույթ հակաիրավական արարքի իրականացումը։ Դրան հակառակ՝ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է կապիտուլյացիոն ակտ՝ հանձնելով ոչ միայն Արցախի Հանրապետության տարածքները, այլև պարտավորություններ ստանձնելով ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ հարվածի տակ դնելով ՀՀ տարածքային ամբողջականությունը։
2. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ՝ պարզելու համար, թե ո՞ր պաշտոնատար անձի որոշման կամ ի՞նչ իրավական ակտի հիման վրա են ՀՀ սահմանները որոշվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օգտագործվող GPS համակարգերի հիման վրա, և ինչո՞ւ ՀՀ կառավարությունը չի պահանջել ստեղծել հայ-ադրբեջանական դեմարկացիոն հանձնաժողով։
3. Արդյո՞ք պարզվել է, թե ո՞ր պաշտոնատար անձի որոշման կամ ի՞նչ իրավական ակտի հիման վրա են ՀՀ զինված ուժերին և Սյունիքի կամավորներին հանձնարարվել դուրս գալ Զանգելանի տարածքից, եթե եռակողմ հայտարարությունն ամբողջությամբ նախատեսում է ՀՀ զինված ուժերի այնտեղ գտնվելու իրավունքը:
4. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ 100-ավոր անհայտ կորած զինծայողների հայտնաբերման ուղղությամբ ցուցաբերված անգործության վերաբերյալ։
Պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում, ինչի մասին հայտնեցին նաեւ անհայտ կորած զինծառայողների հարազատները, որ զանգեր են ստացվել անտառներում թաքնված զինծառայողներից։ Ինչո՞ւ նրանց հայտնաբերման եւ փրկության ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ չեն իրականացվել։ Ինչո՞ւ համապատասպան զանգերը տեղորոշող տեխնիկա չի կիրառվել։
5. Ինչպես հայտնեց գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պատերազմի երրորդ օրը վարչապետը հրամայել է դադարեցնել ՀՀ զինված ուժերի զորամիավորումների լրահամալրումը։ Արդյո՞ք այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ։
6. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետը Ն. Փաշինյանին դեռ սեպտեմբերի 30-ին զեկուցել է՝ Արցախն ունի պատերազմելու ընդամենը 2-3 օրվա ռեսուրս։ Այդ պահից սկսած՝ ի՞նչ գործողություններ են իրականացրել ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։
7. Առկա են մի շարք փաստարկներ, որ մինչ նոյեմբերի 9-ը ՀՀ վարչապետին առաջարկվել է դադարեցնել պատերազմը ՀՀ համար ավելի նպաստավոր պայմաններով, անգամ ՌԴ նախագահ Վ. Պուտինը նշել է, որ, դիցուք, հոկտեմբերի 20-ին Ն. Փաշինյանին առաջարկվել են առանց Շուշին հանձնելու պատերազմը դադարեցնելու նախապայմաններ։ Ինչո՞ւ են մերժվել առաջարկված կարգավորման տարբերակները, և պատերազմը չի դադարեցվել։ Փաշինյանի կողմնակիցները որևէ կերպ չեն կարող վկայակոչել ադրբեջանցի փախստականների՝ Շուշի վերադառնալու փաստարկը, քանի որ եռակողմ հայտարարությունն ուղղակիորեն նախատեսում է ադրբեջանցիների իրավունքը վերադառնելու Արցախի Հանրապետության վերահսկողության տակ մնացած տարածքներ։
8. 4 առանց հրթիռներ Սու-30-ի, որոնցից որևէ մեկը պատերազմի ընթացքում չի կատարել մարտական թռիչք, ձեռքբերման փաստով արդյո՞ք հարուցվել է քրեական գործ խարդախության կամ վատնման հանցակազմի հատկանիշներով։
9. Հորդանանից հնամաշ հակաօդային պաշտպանության միջոցների ձեռքբերման փաստի առթիվ արդյո՞ք հարուցվել է քրեական գործ։
10. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ/գործեր անսարք տեխնիկայի պատճառով ՀՀ կամ Արցախի Հանրապետության զինված ուժերում գրանցված մահերի և առողջությանը պատճառված վնասների փաստի առթիվ։
11. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ Լելե Թեփեն ազատագրելու անհաջող օպերացիան նախագծելու և/կամ տապալելու փաստի առթիվ։
12. Արդյո՞ք հարուցվել են քրեական գործեր սփյուռքից ուղարկված օգնությունը վատնելու կամ Արցախ չհասցնելու լուրերի արժանահավատությունը ստուգելու նպատակով։
13. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ՝ պարզելու, թե ինչու նոյեմբերի 7-ին Իսկանդերով ռմբակոծվեց Շուշին։
14. Արդյո՞ք հարուցվել է քրեական գործ պարզելու, թե 44 օրվա ընթացքում ինչո՞ւ չհրթիռակոծվեցին Ադրբեջանի նավթուղիները կամ ռազմական օդանավակայանները։
Վերոգրյալն ընդամենը հարցերի մի մասն է։ Պետական դավաճանությունը հավաստող փաստերը շատ են, իրավիճակը՝ օրհասական։
Իրավապահ մարմինները պարտավոր են գիտակցել, որ պարտավոր են առաջնորդվել միայն օրենքով եւ Սահմանադրությամբ եւ պատշաճ իրականացնեն իրենց լիազորությունները՝ առաջին հերթին ձերբակալելով Գերագույն գլխավոր դավաճանին։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gohar.meloyan/posts/3486446578057094
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել