Armeniasputnik.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն իր այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Ղարաբաղի կարգավիճակը պետք է անփոփոխ մնա ու որոշվի ապագայում։

Նա անդրադարձավ նաև հրադադարի խախտման թեմային։

«Ղարաբաղում հրադադարի խախտումը եզակի է եղել։ Հուսով ենք, որ այդպիսին էլ կմնա»,– ասաց նա։

Պուտինը կրկին հայտարարեց, որ Ռուսաստանը հնարավոր է` ավելացնի իր խաղաղապահ զորակազմը, բայց միայն կողմերի հետ համաձայնեցումից հետո։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել