Armday.am-ը գրում է․

Նրանք, ովքեր ասում են՝ Նիկոլն ունի ժողովրդի աջակցությունը, դրանով վիրավորում են մեր ժողովրդի արժանապատվությունը, մեր ժողովուրդը չի կարող այս երկիրը ծախած մարդուն ընդունել ու հանդուրժել, իր կողքը մնացել է «Շիշ բռնողը», Քոչարյան Անդոն ու մի քանի հոգի: Այս մասին լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթին» ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Անդրադառնալով Փաշինյանի մեղադրանքներին, թե որոշ ուժեր ապատեղեկատվություն են տարածում՝ Սաղաթելյանն ասաց, որ այս երկրում թիվ մեկ ապատեղեկատվություն տարածողը Նիկոլն է, ով 2.5 տարի խաբել է ժողովրդին, պատերազմի 45 օրերի ընթացքում սուտ է խոսել, հիմա էլ շարունակում է սուտ տարածել, Նիկոլը ստերի թագավորն է:

«Նիկոլ չկա այլևս, կա ֆեյքերի պարագլուխ: Ես ասել եմ՝ եթե ինքը չհեռանա, պաշտոնը կհեռացնենք իրենից»,- հայտարարեց նա: Իսկ թե ինչ միջոցներով են հեռացնելու, Սաղաթելյանը նշեց՝ զանգվածային բողոքի ակցիաների միջոցով: «Այսօր նրա հրահանգները չեն կատարում բազմաթիվ պետական մարմիններ ու շարունակելու են չկատարել, Նիկոլը մնալու է այնտեղ նստած իր ֆեյքերի հետ, այդ ճանապարհին ենք ու այդ օրը հեռու չէ»,- շեշտեց նա:

Նրա խոսքով՝ իրենք անընդհատ նամակներ ու կոչեր են ստանում, որ պետք է դիմել գործողությունների. «Մենք համաձայն ենք մեր քաղաքացիների հետ, հիմա մենք ունենք գործողություների շարք, այս երթն էլ բխում է այդ շարքից: Յուրաքանչյուր օր երթերից հետո հավաքվելու ենք, քննարկենք մեր անելիքը, մեր գործողություններով հասնելու ենք դրան, բայց Նիկոլի սադրանքներին չենք տրվելու»:

Անդրադառնալով դեկտեմբերի 19-ից հայտարարված եռօրյա սգին՝ Սաղաթելյանն ընդգծեց. «Նիկոլն այնքան սրիկա է, որ իմանալով մեր հանրահավաքի նշանակած օրը, այդ օրը հայտարարեց սուգ, նույնիսկ սուգն է օգտագործում իր քաղաքական նպատակների համար»:

Հարցին էլ՝ Փաշինյանին չաջակցելու օրակարգով քննարկումներ կա՞ն իշխող ուժի պատգամավորների հետ, նա պատսխանեց. «Իշխող խմբակցության պատգամավորները գերի են ընկել Նիկոլի ձեռքը, հարմար առիթին պետք է ազատվեն այդ գերությունից, մենք իրենց այդ առիթն ու հնարավորությունը կտանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել