Aysor.am-ը գրում է․

Մոտեցել ենք գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին, շուտով սպասում ենք գերիների պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին, «Քաղաքացու հետ զրույց»-ի ձևաչափով ուղիղ եթերի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս փուլում վերադարձվելու են այն գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից: 

«Դրանից հետո ավելի շատ կկենտրոնանանք գտնվելու վայրն անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված է», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ նոր թափով պետք է տեղի ունենա նաև զոհվածների մարմինների փնտրտուքն ու չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը: Նա ընդգծեց, որ ամեն ինչ արվում է գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց մինչև տարեվերջ չեն կարող այն ամբողջությամբ ավարտել:

Վարչապետը նաև նկատեց, որ գտնվելու վայրն անհայտ անձանց որոնողական աշխատանքների համար շատ կարևոր է ընդհանուր միջավայրի բարելավումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել