Pastinfo.am-ը գրում է․

Բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել։ Այս մասին «Փաստինֆո»֊ի հետ զրույցում ասաց պաշտպան Միհրան Պողոսյանը։

Ձերբակալության իրավաչափության հարցը կքննարկվի այսօր՝ ժամը 16։00֊ին՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ։ Նշենք, որ Արտակ Թադևոսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրի դատավորներից է եւ ունի բավականին ցածր վարկանիշ՝ դեկտեմբերի 13-ի դրությամբ՝ 2 միավոր։ Ավելին՝ վերջինս Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ և Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի ազգականն է։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողները երեկ Վարդան Այվազյանի բնակարանում խուզարկություն են իրականացրել, ապա՝ ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում` ձերբակալել նրան։

Պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ Այվազյանին մեղադրանք դեռևս չի առաջադրվել, սակայն, նկատի ունենալով, որ ԱԱԾ֊ի միակ գործառույթն անձանց ձերբակալելն ու կալանավորելն է, ապա, կարծում է, որ ամեն ինչ անելու են, որ այսօր մեղադրանք առաջադրեն և փորձեն ձերբակալության որոշման իրավաչափության վիճարկման հետ քննարկման առարկա դարձնել նաեւ Այվազյանին կալանավորելու հարցը, քանի որ վաղվանից արդեն իսկ հերթապահ են հանդիսանալու «Ավան» նստավայրի դատավորները: «Այդ պարագայում ԱԱԾ֊ն ստիպված կլինի երկու «սրտի դատավոր» գտնել, մեկը՝ Կենտրոնի նստավայրում, մյուսը՝ Ավան նստավայրում, ինչը բարդ կլինի», - ասաց փաստաբանը։

Նրա կարծիքով` հնարավոր մեղադրանքը վերաբերելու է իշխանության յուրացմանը կազմակերպելուն։ «Այսինքն՝ նոյեմբերի 9֊ի լույս 10֊ի գործողությունները մեր պայծառ սպաների մտքի փայլատակման արդյունքում դիտարկվում է որպես իշխանության յուրացման փորձ»,-նշեց Պողոսյանը։
Ինչ վերաբերում է ձերբալալման արձանագրությանը, ապա փաստաբանը նշեց, որ փաստաթղթում որեւէ գործողություն նկարագրված չէ։ Նրա փոխանցմամբ՝ պաշտպանական կողմն, օգտվելով դատավարական իրավունքներից պահանջել է, որ պարզաբանվի կասկածանքի փաստական կողմը, սակայն քննիչը հրաժարվել է տվյալ գործողությունը ներկայացնելուց, ներկայացվել է, թե իբրև Վարդան Այվազյանը ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ կազմակերպել է ԱԺ և կառավարության լիազորությունների յուրացումը, որն ավարտին չի հասցվել։

«Բառացի կարող եմ ասել, որ այդքանն է արձանագրված։ Հաշվի առնելով, որ քրեական գործը հարուցված է նոյեմբերի 9֊ի լույս 10֊ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, ենթադրում ենք, որ դրան է վերաբերում, այլ գործողություն նկարագրված չէ»,֊նշեց Պողոսյանը։

Անդրադառնալով ձերբակալման հիմքերին՝ նա արձանագրեց, որ օբյեկտիվ իրականությունում որևէ հիմք գոյություն չունի, հիմքերը վերացական են, դիցուք նշվել է, որ ականատեսն ուղղակի մատնանշում է վերջիններիս կողմից հանցանքի կատարումը, մինչդեռ պաշտպանական կողմը պնդել է, որ «ականատես» եզրույթ ընդհանրապես գոյություն ունենալ չի կարող, քանի որ որևէ հանցագործություն Վարդան Այվազյանի կողմից տեղի չի ունեցել։ Պաշտպանը նշեց, որ ԱԱԾ֊ից պահանջել են առերես հարցաքննություն իրականացնել, եթե ինչ-որ անձ կա, որն ինչ-ինչ պատճառներից ելնելով՝ ԱԱԾ֊ի հետ համագործակցելով կամ այլ դրտապառճառներից ելնելով, կեղծ տեղեկություն է հայտնել ԱԱԾ-ին, ինչն, իհարկե, քննիչը չի կատարել, քանի որ նման անձ գոյություն չունի։
Վարդան Այվազյանը կասկածանքի դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ ինքը հանցանք չի կատարել։

«Ցավում եմ, որ նախօրեին հրապարակվեց կոնկրետ պետական դավաճանության վերաբերյալ փաստական տվյալներ, ԱԱԾ֊ն այդ հանգամանքին ուշադրություն չդարձնելով, լռության մառնելով, այսօր զբաղված է վարչապետի օծանելիքների հափշտակությունը որպես իշխանության յուրացում ներկայացնելով և այդ օծանելիքների վերադարձման գործի շրջանակներում՝ բոլոր դժգոհ քաղաքացիներին ձերբակալելով և կալանավորելով»,-նշեց Պողոսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիոն հայտարարություն ստորագրելու մասին հայտարարությունից հետո մի խումբ քաղաքացիներ բազմամարդ ակցիաներ են իրականացրել թե՛ ԱԺ-ի, թե՛ կառավարության և թե կառավարական առանձնատան մոտ։ Ակցիաների մասնակիցների մի մասը մուտք են գործել ԱԺ և կառավարության շենքեր, ինչպես նաև՝ կառավարական առանձնատուն։ Ըստ տարածված տեղեկատվության՝ քաղաքացիներից մի քանիսը կոտրել են կառավարության շենքի պատուհանները և դռները, ԱԺ-ում՝ բռնակներ, իսկ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն՝ կառավարական առանձնատնից անհետացել է օծանելիք, համակարգիչ և այլ իրեր։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել