Aravot.am-ը գրում է․
«Ես ԱԱԾ-ում եմ, ինձ էլ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել»,- քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանության նախկին նախարար, ՀՀԿ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանը:
Այսօր ԱԱԾ-ն խուզարկություն է կատարել նրա բնակարանում, որից հետո նրան ազատությունից զրկել են՝ մինչեւ ձերբակալությունը: Վարդան Այվազյանի փաստաբան Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասաց. «ԱԱԾ-ի խուզարկության ժամանակ այս քրեական գործի հետ առնչություն ունեցող որեւէ բան չի հայտնաբերվել:
Վարդան Այվազյանին ազատությունից զրկել են այն պատճառով, թե իբր վերջինս կազմակերպել է 2020 թվականի նոյեմբերի 10-ի զանգվածային բողոքի ակցիան եւ կազմակերպել է իշխանության յուրացումը: Այս անհեթեթ մեղադրանքը իշխանության վերջին գործիքն է, որով փորձում են լռեցնել այն մարդկանց, ովքեր համաձայն չեն եւ փորձում են քայլ անեն, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես չկործանվի:
Այսինքն, ըստ մեղադրանքի, բոլոր այն մարդիկ, որոնք իրենց զայրույթն են արտահայտել վարչապետի կողմից ստորագրված դավաճանական փաստաթղթի հետ կապված եւ դուրս են եկել փողոց, մոտեցել են կառավարության շենք, բոլոր այդ մարդիկ, ըստ «հիմքի» դրդվել եւ ուղղորդվել են Վարդան Այվազյանի կողմից: Մնացած գնահատականները թողնում եմ ձեզ, իշխանության խղճուկ վիճակը:
Ցավ եմ ապրում ԱԱԾ-ի համար, որոնք համաձայնել են այս իշխանության ձեռքում գործիք դառնալ այս հարցերում»: Մենք ճշտեցինք՝ ամեն դեպքում այդ օրվա դեպքերի հետ որեւէ առնչություն ունի՞ Վարդան Այվազյանը՝ Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Վարդան Այվազյանն այդ պահին գտնվել է Երեւան քաղաքում, տանը քնած է եղել»: Նա պարզաբանեց, որ Վարդան Այվազյանը չի կարող հեռախոսով խոսել, որովհետեւ արգելանքի վերցրածի կարգավիճակ ունի: