
Այդ հարցերը խնդրում եմ՝ կառավարությանը տալ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց այսօր Արարատի մարզպետ նշանակված Ռազմիկ Թեւոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչով է պայմանավորված, որ Գարիկ Սարգսյանը հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից, եւ նշանակվեց ինքը, որ ժամանակին եղել է «Մենք» դաշինքի կողմից պատգամավորի թեկնածու:
Նա հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին եւ հեռացավ, իսկ հարցերը հետեւյալն էին. «Կոկորդիլոսաբուծարանի ծրագիրը շարունակվելո՞ւ է Արարատի մարզում», «Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ բաջանաղապետություն չի լինելու: Ձեր տղան «Իմ քայլի» պատգմավոր է, դուք նշանակվել եք մարզպետ»:
Նշենք, որ Ռազմիկ Թևոնյանը Երասխի գինու գործարանի տնօրենն է: 2017-ին առաջադրվել է պատգամավորի թեկնածու «Մենք» դաշինքի կողմից։
Նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը երեկ է հրաժարականի դիմում ներկայացրել վարչապետին։ Այս մասին նա հայտնել էր Facebook-ում՝ ասելով, որ առաջիկայում մանրամասն հաշվետվություն կներկայացնի կատարված աշխատանքների վերաբերյալ։ Սարգսյանը հայտնել էր նաև, որ, չնայած մարզպետի իր հրաժարականին, ինքը կմնա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում: