Հայի վիշտը
Հայաստանի Հանրապետությունում ներկա բնակչության շուրջ 40%-ն է (մինչև 30 տարեկանները), որ սեփական երկրում է ծնվել:
Մնացյալը, այդ թվում՝ ես, այլ պետության մաս կազմող տարածքում ենք ծնվել և կրթություն ստացել: Ինչքան էլ որ այդ տարածքը ՀԽՍՀ էր կոչվում, այն այլ պետության մաս էր, ապրում էր պարտադրված կոմունիստական օրակարգով, իսկ մեր պապերի մեծամասնությունը կյանքի այդ ձևը սեփական կամքով չէր ընտրել:
Հավատում եմ նրան, որ գենն ունի սովորելու, տեղեկատվություն կրելու և փոխանցելու հատկություն: Իմ ու նախնիներիս գեներում պետականության գիտակցման տեղեկատվություն չի եղել: Իմ պապի հայրը Օսմանյան կայսրությունում է ծնվել, հավանաբար նրա հայրը՝ նույնպես, պապս ու նրա որդիները ծնվել են ռուսական կայսրությունում` ԽՍՀՄ-ում, ես էլ:
Իմ ու նախորդող սերունդների համար պետականություն հասկացողությունը խորթ է։ Հիմա էլ, որ շատերին հարցնես, կասեն՝ ինչու ոչ, դառնանք ռուսական միության մաս` «անհոգ» ապրենք:
Տարօրինակ է, որ ինձ մոտ ինչ-որ բան «տեղում» չէ: Իմ նախնիների մեջ, ինչքանով տեղյակ եմ, չեն եղել պետական գործիչներ, որոնք պայքարել են անկախ ու ինքնուրույն Հայաստան ունենալու համար: Եղել են ազգականներ, որոնք Արցախի համար են պատերազմել, սակայն նրանք զինվորական են եղել, պարտք են կատարել, չեն եղել պետականության կրողներ: Պապուս մշեցի հայրը (հորս պապը) դաշնակ է եղել, բայց դա ցուցիչ չէ, այդ ժամանակ գրեթե բոլոր հայերը դաշնակ էին:
Ինչքան էլ տարօրինակ հնչի, պետականություն ունենալու և սեփական երկիր ունենալու նախանձախնդրությունը մոտս ծագել է ԱՄՆ-ում սովորելու տարիներին: Հավանաբար պատճառը միջավայրն էր. միջավայր էր, որտեղ շփվում էինք և սովորում նաև միմյանցից, իսկ այդ անձինք մարդիկ էին, որ դարերով սեփական երկիրն ու պետականությունը ունեցող գեներ ունեին: Նրանք զինվորական բարձրաստիճան պաշտոնյաներ էին, քաղաքական գործիչներ կամ էլ պետական ծառայողներ, որոնցից շատերը սերունդներով էին իրենց պետության շենացմանը ծառայում: Նրանցից շատ եմ լսել ու սովորել:
Վերադա0ռնալուց հետո Հայաստանում շատ-շատերի հետ եմ շփվել, գերակշիռ մասը՝ պետական ծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան, նաև շատ քաղաքական անձանց հետ: Շփվել եմ և՛ աշխատանքի բերումով, և՛ ուղղակի որոշակի ընդհանուր հետաքրքրություններից ելնելով: Դիտարկումս այն է, որ եզակիների մոտ եմ նկատել պետականության և դրա կարևորության խորը գիտակցում:
Այս օրերի աղետալի վիճակը հենց սրանով եմ ես մեկնաբանում: Մենք տեսակ ենք, որ այդ եզակիներով չենք կարողանում միավորվել և հանրությանը սեփականն ունենալու օրակարգ առաջարկել: Իսկ հանրության, իմ համոզմամբ, գերակշիռ մասն էլ, հավանաբար ավելի շատ, քան շուրջ 60-ից ավել տոկոս ԽՍՀՄ-ում ծնվածները, պատրաստ են տրվել օտարի կառավարման, քան հավատալ սեփական կարող եզակիներին և նրանց առաջարկած սեփականը ունենալու օրակարգին:
Նույնիսկ ականջ դնող էլ չկա, որ հասկանան կամ ոչ:
Սրանով է նաև բացատրվում մեզ հետ պատահած աղետի չգիտակցումը և հետևյալ արտահայտությունը, որ անթաքույց շատերն են այս օրերին արտաբերում` ավելի լավ է Արցախը ռուսի ձեռքում, քան թե թուրքի:
Դե, իհարկե, ոչինչ, որ անհայրենիք ենք մնում և շարունակաբար մնալու ենք օտարի կառավարման տակ ձեր այս գիտակցությամբ: Օտարին տրվելն ավելի նախընտրելի է, քան թե սեփական ուժերին ապավինելն ու սեփական կյանքին ու պետությանը տեր կանգնելը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել