ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը ՌԴ կատարած այցի ընթացքում պատասխանել է նաև լրագրողների հարցերին՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին:
Նա մասնավորապես նշել է.
«Ռուս խաղաղապահների ներկայությունը պայմաններ է ստեղծում տարածաշրջանային անդորրի ու կայունության վերականգնման համար և հանդիսանում է Ադրբեջանի, իր տարածաշրջանային հովանավորի՝ Թուրքիայի և վերջիններիս կողմից հավաքագրված օտարերկրյա զինյալ ահաբեկիչների սադրանքները կանխելու երաշխիք:
Ռազմական գործողությունների դադարեցումը հնարավորություն է ստեղծում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացի վերականգնման շուրջ քննարկումներ վերսկսելու համար:
Հումանիտար հարցերի համատեքստում առաջնահերթ խնդիր է, ինչպես արդեն նշեց Սերգեյ Լավրովը, ռազմագերիների և պատանդների անհետաձգելի և անվերապահ փոխանակումը, ինչպես նաև աճյունների անհապաղ վերադարձը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք փոխանակումն իրականացնել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով և ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմից գործընթացը խափանելու փորձեր չեն լինի:
Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիայի գլխավոր հրահրիչ և ոգեշնչող Թուրքիան այսօր էլ շարունակում է վարել տարածաշրջանի համար կործանարար քաղաքականություն: Դա պարտավորեցնում է միջազգային հանրությանը գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ ստիպելու Թուրքիային զերծ մնալ ցանկացած տեսակի գործողություններից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը:
Թուրքիան ամբողջությամբ պետք է դուրս բերի իր զինված ուժերի անձնակազմը և իր հետ փոխկապակցված զինյալ ահաբեկչական խմբավորումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց և ընդհանրապես, Հարավային Կովկասից: Դեռևս չկան օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտուց դուրս բերելու հստակ ազդակներ: Ընդհակառակը՝ առկա են հավաստի տեղեկություններ առ այն, որ Ադրբեջանը ծրագրում է ընդլայնել զինյալ ահաբեկիչների և վարձկանների տարածման աշխարհագրությունը և վերաբնակեցնել նրանց Արցախի օկուպացված շրջաններում»։



