Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրենց տներ են վերադարձել մոտ 1250 փախստականներ: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը:

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 1244 մարդ: Ավտոբուսների տեղաշարժը տեղի է ունեցել ռուս խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության հերթապահների ուղեկցությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ իրենց մշտական բնակության վայր են վերադարձել շուրջ 32 000 փախստականներ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ երկու գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների տեղակայումն Արցախում արդեն ավարտին է հասցվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել