Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները երեկ կեսօրին սպիտակ դրոշով մոտեցել են սահմանը հսկող հայկական ջոկատին և ասել՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ դուք պետք է հետ գնաք, սա մեր տարածքն է. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Տեղ համայնքի ղեկավար մամուլի խոսնակ Արևիկ Աբելյանը:

«Մեր տղաները կապ են հաստատել համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հետ և նրանից հանձնարարություն են ստացել, որ մեկ քայլ անգամ հետ չգնան: Ադրբեջանցիները նշել են, որ դրանք իրենց դիրքերն են: Մեր տղաներն ասել են՝ մենք ճիշտ դիրքերում ենք և չենք կարող հետ գնալ, և առաջարկել են մի քիչ այն կողմ դիրքավորվել: Տեղ համայնքը 60 կմ սահմանագիծ ունի Ադրբեջանի հետ, այս պահի դրությամբ իրենք փորձում են հերթով մոտենալ մեր պաշտպանական հենակետերին, բայց մեր տղաներն անդրդվելի են, իրենց տեղից չեն շարժվում, կանգնած հսկում են սահմանները»,- նշեց խոսնակը:

Արևիկ Աբելյանը նշեց, որ ադրբեջանցիների հետ զրույցը ադրբեջաներեն վարել է Արավուսի վարչական ղեկավար Արգամ Հովսեփյանը, որից հետո ադրբեջանցիներն առանց կոնֆլիկտի հեռացել են՝ ասելով, որ կգնան, կճշտեն, սակայն թեման դեռ չի փակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել