Նիկոլ Փաշինյանի և իմքայլական որոշ պատգամավորների կողմից այս օրերին փորձ է արվում շրջանառել մոլորեցնող հետևյալ թեզը.«Մենք հողեր չենք տվել, այդ հողերը հակառակորդը գրավել է պատերազմի արդյունքում»: Այսինքն, ցանկանում են ժողովրդի ուղեղը լցնել հետևյալ միտքը. Ա.) Մենք դավաճաններ չենք, ո՞րն է մեր մեղքը: Բ.) Արցախի տարածքի գրեթե 75 տոկոսը կորցրել է բանակն ինքը կամ ժողովուրդն ինքը, մենք ի՞նչ անենք:
Ավելի մեծ հիմարություն անհնար է երևակայել: Ինչու՞: Որովհետև նախ, զիջված տարածքների ահագին մասը` Քարվաճառի, Լաչինի և Աղդամի շրջանները Ադրբեջանին հանձնվել է Փաշինյանի միանձնյա գիշերային քաղաքական որոշմամբ և ոչ թե ռազմական ճանապարհով ու հետո, պատերազմում հաղթում կամ պարտվում է պետությունը, ոչ թե ժողովուրդը, ինչպես սրիկայաբար շարունակում է խաբել Փաշինյանը: Իսկ պատերազմի ընթացքում ու դրանից առաջ պետության ղեկին, գերագույն գլխավոր հրամանատարի դերում հենց ինքն է եղել, իսկ քաղաքական իշխանության դերում` իր թիմը: Հետևաբար, հաղթանակի էլ, պարտության էլ տերը պահի քաղաքական իշխանությունն է: Պատմությունը` վկա:
Իսկ եթե Փաշինյանն ու իր թիմակիցները այդ թեզով ցանկանում են ժողովրդին հասկացնել, որ իրենք այնքան անմեղսունակ ու անպատասխանատու են, որ ի սկզբանե պետք չէր իրենց հետ հաղթանակի հույս կապել կամ իրենցից որևէ սպասելիք ունենալ, ապա դա արդեն գովելի ինքնախոստովանություն է:
Պատերազմում հաղթում կամ պարտվում են պետությունները, ոչ թե ժողովուրդները: Պատերազմում հաղթում կամ պարտվում են պետական իշխանությունները: Հետևաբար, հայ ժողովուրդը ադրբեջանցի ժողովրդին չի պարտվել: Մեր զինվորը ադրբեջանցի զինվորին չի պարտվել: Մեր բանակը ադրբեջանական բանակին չի պարտվել: Ալիևին պարտվել է Հայաստանի պետական իշխանությունը: Պարտությունն ունի մեկ անուն ազգանուն և դա Նիկոլ Վովայի Փաշինյան է: