PanARMENIAN.Net-ը գրում է․
Հոկտեմբերի 30-ին հայտարարվեց, որ ՀՀ առաջին և երկրորդ նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա՝ ռուսական էլիտայի հետ Լեռնային Ղարաբաղի իրավիճակը քննարկելու, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեմ չէ։ Նախագահները, սակայն, այդպես էլ չմեկնեցին Ռուսաստան։
Մեկնելու համար դատարանը Քոչարյանին էր վերադարձել իր անձնագիրը, բայց ավելի ուշ պարզվեց, որ նրա կորոնավիրուսի թեստը դրական է եղել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է չկայացած այցին և նշել, որ նախագահները խնդրել են իրեն միջնորդել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդունեն իրենց։ Փաշինյանը նշել է, որ հրաժարվել է, սակայն առաջարկել է Տեր-Պետրոսյանին ու Քոչարյանին գնալ Ռուսաստան որպես պաշտոնաթող նախագահներ և հյուրընկալվել ՌԴ պաշտոնաթող նախագահ Դմիտրի Մեդվեդևին։
Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակն այդպես էլ չմեկնաբանեց չկայացած այցը և դրա պատճառները։
Ավելի ուշ՝ արդեն նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ուժի մեջ մտնելուց հետո, առաջին նախագահի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի անդամ Լևոն Զուրաբյանն անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ Փաշինյանը հրաժարվել է նախագահին բանակցելու լիազորություններ տալ։
«Ինչ-որ պահից և Արայիկ Հարությունյանը, և Ղարաբաղի բոլոր նախկին նախագահները բարձրաձայնեցին, բոլորի համար պարզ էր, որ պետք է հիմա արագ գնալ և Մոսկվայում պայմանավորվել եղածը պաշտպանելու համար․ և դրա համար նրանք դիմել էին Նիկոլ Փաշինյանին, որ նաև տրամադրի, օրինակի համար, Տեր-Պետրոսյանին մանդատ, որ ինքը կարողանա բանակցել և գոնե պահպանել այն, ինչ-որ հնարավոր էր։ Նիկոլ Փաշինայնաը հրաժարվեց դա անել»,- «Ազատության» եթերում մանրամասնել էր Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ դա էլ է ցույց տալիս, որ Փաշինյանը «ոչ մի բան չի հասկանում քաղաքականությունից»։
«Որովհետև ռուսները մանկապարտեզի երեխաներ չեն, որ խոսեն ինչ-որ մեկի հետ, ինչքան էլ հարգեն այդ մարդում՝ ինչքան էլ համապատասխան լիազորությունների, նրանք դրա ժամանակը չունեն և բնականաբար երբեք․․․ ասել են՝ գնացեք, ես ձեզ լիազորություններ չեմ տալու»,- ասել էր Զուրաբյանը՝ հավելելով, որ սա հերթական «շատ անպատասխանատու, կյանքից կտրված դրվագն էր իշխանությունների կողմից»։