Lragir.am-ը գրում է.
Հայ-թուրքական սահմանին գրանցված միջադեպը չի կարող էլ ավելի վատացնել հայ-թուրքական առանց այն էլ թշնամական հարաբերությունները: Lragir.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
«Նման պայմաններում մտածել, որ ինչ-որ մեկը նպատակ ունի այդ հարաբերությունները վատացնել, էլ ավելի վատ լինել չի կարող: Ընդհանրապես Հայաստանի նկատմամբ որևէ դրական նշույլ իսկ Թուրքիայի վերաբերմունքում չկա: Սահմանը խախտվել է և համապատասպան քայլ է կատարվել»,- ասաց նա:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով` ռուս սահամանապահները կատարում են իրենց ծառայողական պարտքը, խախտվել է պետական սահմանը այն երկրի քաղաքացու կողմից, որը դիվանագիտական հարաբերություն չունի Հայաստանի հետ և թշնամական վերաբերմունք է ցուցաբերում:
Քաղաքագետի խոսքով` եթե հովիվը մոլորվել էր, ապա թուրքական կողմի սահամանպահները պետք է կանխեին նրա մուտքը հայկական տարածք: Չեն կանխել, ուրեմն բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ դա մտածված դիվերսիա է, ինչ-որ նպատակներ է հետապնդում:
«Մեր և Ադրբեջանի միջև զինադադար է, բայց յուրաքանչյուր օր ադրբեջանական կողմից խախտվում է այդ զինադադարը, մարդիկ են զոհվում, իսկ Թուրքիան պետական մակարդակով պաշտպանում է Ադրբեջանի այդ գործողությունները: Այդ պարագայում ինչ-որ մեկը Թուրքիայի տարածքից ներթափանցում է Հայաստանի տարածք, ի՞նչ պետք է անի սահմանապահը: Պետք չէ սրան տալ քաղաքական հնչեղություն, ասել, որ ինչ-որ երրորդ կողմ ուզում է փչացնել հարաբերությունները, ճիշտ չէ, ի՞նչ հարաբերություն է փչանում»,- նշեց քաղաքագետը:
Անդրադառնալով Թուրքիայի ԱԳՆ-ի` Հայաստանին ուղղված մեղադրանքներին` Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ մեզ համար նորություն չէ, որ բոլորի մեղքերի համար Թուրքիան մեղադրում է Հայաստանին:
«Արևը ճիշտ ժամանակին մայր չմտնի, Թուրքիան էլի կմեղադրի Հայաստանին, այդ երկիրն առիթ բաց չի թողնում Հայաստանին մեղադրելու»,- նշեց նա:
Հմայակ Հովհաննիսյանը նաև ասաց, որ Հայաստանի ԱԳՆ-ն պետք է արժանապատիվ ձևով պատասխանի թուրքական կողմին` հայտարարելով, որ անհիմն են մեղադրանքները, թող բարի լինեին թուրք սահմանապահները թույլ չտային իրենց քաղաքացու մուտքը հայկական տարածք: