1in.am-ը գրում է.
Տավուշի մարզի Վազաշեն սահմանամերձ համայնքի գյուղապետ Լորիկ Բադիրյանի փոխանցմամբ՝ հուլիսի կեսերից գյուղում նկատվել է խոզերի համատարած անկում: Նրա պնդմամբ՝ դեռ դեպքեր կան, բայց հավանաբար շուտով էլ չեն լինի: Գյուղապետը նշեց, որ բավականին աշխատանք է կատարվել և՛ մարզպետարանի կողմից, և՛ Սննդի անվտանգության ծառայության կողմից, և՛ անասնաբույժների կողմից:
Նա ասաց նաև, որ խոզերի համար գերեզման է հատկացվել, որտեղ թաղվում են անկած խոզերը, որոնց թիվն անցել է 100-ից:
ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հերքեց Վազաշենում զանգվածային անկումների մասին տեղեկությունը, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդության առկայությունը:
«Այս ծառայությունը, որ լիազոր մարմինն է կենդանիների հիվանդությունների արձանագրման, տարածման և կանխարգելման… առաջին իսկ օրվանից մեր տեսուչներն այնտեղ են, և որևէ անասնագերեզման, զանգվածային անկումներ չենք հանդիպել: Մեր ծառայությունը որևէ կենդանու ոչնչացման, հարկադիր սպանդի կամ թաղման աշխատանքների մասին տեղյակ չէ: Մենք գնացել, գյուղապետին ասել ենք՝ էդ գերեզմանը ցույց տուր, մինչև հիմա ցույց է տալիս»,- նշեց Հովհաննես Մկրտչյանը:
Անասնաբուժության տեսչության պետն «Առաջին լրատվական»-ին ասաց, որ հարցումներ են արվել. մի քանի դեպք եղել է, մարդիկ կան, որ հարկադիր սպանդ են արել՝ մորթել, օգտագործել են, համատարած թաղել չի եղել:
«Այնտեղ հիմնականում խոզերի անտառային պահվածք է, կերը բոլորի մոտ ձեռքբերովի չէ, մեկի մոտ էլ մորթ կար, տեսուչները ներքին օրգանների նմուշներ են վերցրել»,- ասաց Հովհաննես Մկրտչյանը:
Վազաշեն համայնքում խոզերի անկման պատճառը դեռ հայտնի չէ, հետազոտության փուլում է: Հիվանդությունները բացառվել են, վարկած կա, որ պատճառը կերի և պայմանների հետ է կապված: