Այսօր Նիկոլ Փաշինյանի վարած «փայլուն քաղաքականության», իսկ ավելի բնութագրական՝ հանցավոր անգործության արդյունքում, Ադրբեջանի զինված ուժերն առանց անգամ մեկ կրակոցի մտել են Սոտքի հանք։
Ի դեպ՝ անտեղյակների համար, այն գտնվում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզում։
Սոթքի ոսկու հանքը շահագործող «ԳԵՈՊՐՈՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ընկերությունն այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով Հայաստանի խոշոր 1000 հարկատուների ցանկում զբաղեցնում է 9-րդ տեղը։
Հանքի արդյունավետ և անխափան աշխատանքից կախված է մի քանի հազար ընտանիքի սոցիալական ապահովությունը։
Ավելին, Սոթքի հանքի արդյունահանման դադարեցումը հանգեցնելու է նաեւ «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության կողմից շահագործվող Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի գործունեության դադարեցմանը եւ 100-ավոր աշխատակիցներ մատնվելու են պարապուրդի, որն աղետալի սոցիալ-տնտեսական հետևանքներ է ունենալու։
Ուշագրավ է նաեւ՝ 2018 թվականի մայիսին մի խումբ անձինք փակել էին դեպի հանք տանող բոլոր ճանապարհները՝ պարալիզացնելով հանքի, Սոթք-Արարատ երկաթուղային ճյուղի եւ Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի աշխատանքները՝ ըստ ընկերության նպատակ ունենալով մուտք գործել հանքի տարածք՝ ոսկու անօրինական արդյունահանում իրականացնելու համար, իսկ ընկերության բնականոն աշխատանքին խանգարող իրավիճակը լուծելու վերաբերյալ բազմաթիվ դիմումները ՀՀ ոստիկանություն արդյունքներ չէին տալիս, ինչը ոստիկանությունը բացատրում էր նրանով, որ բողոքի ակցիաները խաղաղ բնույթ են կրում, եւ իրավապահ մարմինները իրավասու չեն տվյալ իրավիճակում որեւէ բան ձեռնարկել։
Այն դեպքում, երբ օրերս հողերի հանձման արդյունքում հասարակական ցասումն արտահայտող խաղաղ բողոքի ակցիաների դեմ կուտակվում են ահռելի քանակով ուժեր՝ կիրառելով անհամաչափ բիրտ ուժ։