Երեկ Ֆրանսիայի Սենատը ընդունեց կարևոր բանաձև, որով երկրի Կառավարությանը առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, զուգահեռաբար դատապարտելով թուրք-ադրբեջականակն տանդեմի ագրեսիան Արցախի դեմ։
Արցախի ազատագրման և ապագա ազատ գոյության տեսանկյունից, այս բանաձևը առաջինն է իր ձևի մեջ, և կարևոր իրավական նախադեպ է ստեղծում։ Այն նաև Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր ձեռքբերումն է, մանավանդ հաշվի առնելով Ֆրանսիայի տարածքում պրո-թուրքական ուժերի բուռն և կոպիտ հակազդեցությունը վերջին երկու ամիսների ընթացքում;
Դրանով հանդերձ, պետք չի նաև գերագնահատել այս բանաձի կարևորությունը։ Նախ, այն դեռ պաշտոնական ճանաչում չի Ֆրանսիայի կողմից, այլ առաջարկ է Կառավարությանը, և դեռ պետք է երկար ճանապարհ անցնի, անհայտ վերջնարդյունքով։ Սակայն եթե նույնիսկ ի վերջո Ֆրանսիան պաշտոնապես ճանաչի Արցախի անկախությունը, պետք է հիշել, որ իրականությունը Արցախում պայմանավորվում է այնտեղ ձևավորված ռազմաքաղաքական ուժերի փաստացի հաշվեկշռով, և ոչ թե այսպիսի բանաձևերով։ Նոյեմբերի 10-ի խայտառակ համաձայնությունից հետո, այդ հաշվեկշիռը բնավ մեր օգտին չի, և դեռ երկար ժամանակ ու ջանք է պահանջվելու, որպեսզի այն սկսի փոփոխվել։
Ուստի այս պահին, ընդունելով Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևն ի գիտություն և ողջունելով այն, մեզ պետք է կենտրոնանալ պարտության հետևանքների հաղթահարման վրա՝ ձևավորել կոմպետենտ, իրատես և հանրային լայն վստահություն ձևավորող իշխանություն, վերականգնել տնտեսությունը, արդիականացնել և ապագայի պատերազմներին պատրաստել բանակը, վերակառուցել մեր դիվանագիտական հարաբերությունների խարխլված համակարգը։ Այդ դեպքում, գուցե իրական ուժային հաշվեկշիռը տեսանելի ապագայում փոխվի մեր օգտին, և Ֆրանսիայի Սենատի և նմանատիպ որոշումներն էլ իրավական հիմք հանդիսանան՝ վերախաղարկելու իրավիճակը մեր օգտին։ Մինչ այդ, բոլորիս կամք ու տոկունություն եմ ցանկանում։