Pastinfo.am-ը գրում է.

Արդեն մի քանի օր է «Փաստինֆո»-ի ընթերցողները ահազանգում են` Երևանյան տաքսիների գների բարձրացման մասին:   Մեզ զանգահարած քաղաքացիներից շատերը նշում են, որ տաքսի նստելով` հաշվիչի վրա 100 դրամի փոխարեն 120 դրամ սակագին են նկատել:   Ուղևորների վրդովմունքին ի պատասխան` տաքսիստները համատարած թանկացումների  և, մասնավորապես, գազի թանկացման մասին իրենց հիմնավորումներն են ներկայացնում:   Ի դեպ իրենց սպասարկած տաքսիների գներից դժգոհ  որոշ ուղևորներ էլ նշում են, որ թեև հաշվիչի վրա սակագինը 100 դրամ է նշված, սակայն նվազագույն 6 կմ լրանալուց անմիջապես հետո հաշվիչի վրա 600 դրամից ուղեւարձը փոխվում է 1000 դրամի:   Ի դեպ, օրենքը  չի պարտադրում, որպեսզի տաքսիները ունենան հաստատագրված սակագին, այս դաշտն ազատականացված է, և յուրաքանչյուր տաքսի-ծառայություն կամ անհատ տաքսիստ ինքն է սահմանում իր սակագինը:   Տրանսպորտի նախարարության տրնասպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ լիցենզավորման համար պարտադիր պայմաններ կան, օրինակ, կահավորանքը, ավտոմեքենայի տեխնիկական նկարագիրը, իսկ փոխադրավարձը ազատականացված է:   Փաստորեն, այս դեպքում գործում են մրցակցության և շուկայի օրենքները, իսկ ուղևորին մնում է, թերևս,  տաքսի նստելուց առաջ տեղեկանալ սակագնի մասին և հրաժարվել թանկ ծառայությունից, կամ համակերպվել հերթական թանկացման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել