Panorama.am-ը գրում է․

Ժամկետային զինծառայող Տիգրան Ասրյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կուսապատ գյուղից է։ Շատ ուրախ է, որ իր գյուղը չի հանձնվել թշնամուն։ Այժմ ընտանիքի անդամներն այնտեղ են, փորձում են նորից ապրել բնականոն կյանքով։ Նա անպայման կվերադառնա հայրենի գյուղ՝ Երևանում ամբողջությամբ ապաքինվելուց հետո։

Այժմ զինծառայողը բուժում է ստանում «Հայրենիքի պաշտպանի» վերականգնողական կենտրոնում։ Երկու ամսվա ծառայող Տիգրանը Panorama.am-ի հեզ զրույցում պատմեց, որ վիրավորվել է Ջաբրայիում հոկտեմբերի 3-ին հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը ոչնչացնելու ժամանակ։

«Մեր սերժանտներից մեկը տեսել էր, որ հակառակորդը բաց դաշտի մեջ արդեն դիրքավորված փորձում է թիկունքից հարձակվել։ Այդ ժամանակ մեր գնդի հետախուզության հետ միասին, երկու կողմում բլուր էր, մեջտեղում բաց դաշտ, երկու կողմից շրջափակեցինք ու սկսեցինք կրակ վարել։

Ընդհանուր դիվերսիան 52 հոգանոց էր։ Բաց դաշտի մեջ դիրքավորված թշնամին 15-20 զոհ ունեցավ, մյուսները խրամատում թաքնվել էին, հարմար պահի էին սպասում հարձակում գործելու համար։ Իրենց դիպուկահարներից մեկը, որն ավելի շուտ էր տեսել մեզ, մի քանի հոգով փախել էին, դիրքավորվել մեր թիկունքում։ Երևի 3 ժամ սպասելուց հետո՝ սկսեցին կրակել։ Մի 10 րոպե անց ունեցանք առաջին վիրավորը, մի կես ժամ անց երկրորդին վիրավորեցին։ Մենք նահանջի հրաման ստացանք, որպեսզի դուրս գանք, գնդի հետախուզությունը, ավելի փորձառուները շարժվեն առաջ։ Բաց դաշտում նահանջելու ժամանակ վիրավորվեցի։ Ազդրի բազմաբեկորային վնասվածք ստացա։

Սկզբում փորձեցի ինքնուրույն, սողեսող անցել, սակայն ընկելու պահին ուժեղ էի գոռացել,  երևի ձայնս լսել էր,  երկրորդ գումարտակից մի սպա, առաջին անգամ էի իրեն տեսնում, վազելով եկավ, որ դնի ուսին, հանի, չհասցրեց, կրակն ուժեղացավ։ Այնուհետև մեր սերժանտներից մեկի հետ բրոնե ժիլետից բռնած քաշ տվեցին, անցկացրեցին բլրի մյուս կողմը, անձրևանոցի մեջ դրած իջացրեցին  ճանապարհի վրա։ Վիլիսով տեղափոխեցին Արա լեռ, վիրակապեցին, դադարեցին արյունահոսությունը, տեղափոխեցին Տողի հոսպիտալ, այնուհետև Ստեփանակերտ։ Հոկտեմբերի 4-ին առաջին վիրահատությունը եղավ, արդեն երկրորդ անգամ վիրահատվել եմ այստեղ։ Պատգարակով եկա այստեղ, արդեն մեկ ձեռնափայտով կարողանում եմ քայլել»,-  ռազմի դաշտում իր հետ կատարվածը մանրամասն ներկայացրեց ժամկետային զինծառայողը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել