Զգացե՞լ եք, որ պետությունը չկա։ Այսինքն՝ այնպես չէ, որ առաջ կար ու հիմա չկա։ Բայց առաջ կար նախկիններից մնացած ինչ-որ ժառանգություն, դրանով ինչ-որ բաներ էին անում, դոլարի կուրս էին պահում, պարգեւավճարներ էին տալիս, տոլմայի ու խորովածի տոն էին անում, Ռոբերտ Քոչարյանին էին բռնում, Հրայր Թովմասյանին էին գործից հանում, ու թվում էր, թե պետությունը հենց դա է։
Նաեւ վարչապետն էր լայվ մտնում ու ասում էր, որ մենք ամենահպարտն ենք, ու դրանով ապահովում էր պետության իմիտացիան։
Պետություն չունենալու առաջին կասկածներն առաջացան COVID-19-ի համաճարակի շրջանում, երբ պետությունն իր գործը համարեց մարդկանց ասֆալտին պառկեցնելն ու ստիպելը, որ Նիկոլենց ցեխի արտադրած դիմակները առնեն, արգելեց իրեն քննադատելը ու վերջ, էլ բան չարեց։ Վարչապետի լայվերն էլ իջան ձեռքերը լվալու մանրամասն ինստրուկտաժի մակարդակի։
Հետո պատերազմի ժամանակ պետությունն իր գործը համարեց նահանջի հրամաններ տալը, հողեր զիջելը, հազարավոր զոհեր տալն ու Արծրունի ստերը։
Հիմա պատերազմից հետո պետությունը անգամ չի լուծում փախստականների խնդիրները, չի զբաղվում վիրավորներով ու հաշմանդամներով՝ այս բոլորը թողնելով կամավորների վրա։ Անգամ կամավորների վրա է մնացել գերիներին փնտրելն ու փոխանակման տարբերակներ գտնելը։ Նիկոլը, լավ հասկանալով, որ պետություն ընդհանրապես չկա, նույնիսկ լայվ չի մտնում արդեն։
Եթե պետություն չկա, ի՞նչ վարչապետ, ինչի՞ վարչապետ, ինչի՞ համար է նա։
Երեւի ժամանակն է, որ կամավորներով հավաքվեն ու սկսեն նախ՝ պետությունը սարքել, հետո մի վարչապետացու էլ հաստատ կգտնեն նրանք, ում պետք է, որ պետությունը լինի։