Lragir.am-ը գրում է.

Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Կոլը 1982 թվականին իշխանության գալուց հետո նախատեսում էր Արեւմտյան Գերմանիայից արտաքսել թուրք ներգաղթյալների կեսին: Այս մասին նշված է Կոլի եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թետչերի զրույցի գաղտնի արձանագրությունում: Մեծ Բրիտանիայի արխիվի գաղտնազերծած փաստաթուղթը հրապարակել է գերմանական Շպիգելը:

Կանցլերն անհրաժեշտ էր համարում 4 տարվա ընթացքում կրկնակի կրճատել Գերմանիայում գտնվող թուրքերի թիվը, սակայն չէր ցանկանում հրապարակային հայտարարել այդ մասին: Նրա կարծիքով, իշխանությունները չէին կարողանա այդ քանակի թուրք ձուլել, իսկ մնացողներն էլ պարտադիր պետք է գերմաներեն սովորեին:

Կոլը պնդում էր, որ թուրքերը դժվարությամբ ու առանց ցանկության են ինտեգրվում եվրոպական մշակույթին: Կանցլերն արտաքսման դիմաց մտադիր էր փոխհատուցում վճարել: Ծրագիրը մեկնարկել է 1983 թվականին: Իշխանությունները խոստացել են թուրքերին 10.5 հազար մարկ վճարել հայրենիք վերադառնալու դեպքում: Սակայն այդ առաջրկից օգտվել է միայն 10 հազար թուրք:

 Ի միջի այլոց, 1982 թվականին Գերմանիայում 1.5 միլիոն թուրք էր ապրում:

Այդուհանդերձ, 90-ականների Կոլի քաղաքականությունը փոխվեց: Նրա նախաձեռնությամբ Գերմանիայում ծնված թուրք ներգաղթյալների թոռները Գերմանիայի քաղաքացիություն ստանալու իրավունք ձեռք բերեցին: 2001 թվականին էլ Կոլը խնամիացավ թուրք ընտանիքի հետ: Նրա կրտսեր որդի Պետերը թրքուհու կնություն առավ, ում հետ ծանոթացել էր ԱՄՆ-ում սովորելու տարիներին: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել