Նայում եմ Արցախի փակված դարպասներին ու հասկանում, որ խելագարվելու եզրին եմ: Կորցրածներս սոսկ 121 գյուղերը չեն, հազարավոր տղաների արդեն ուրիշի հողում թափած արյունն է, էլ տուն չվերադարձող նրանց մարմինն ու հոգին, մեր անտեր մնացած սարերն ու ձորերը, ծխացող Քարվաճառը, վիրավոր ու որբացած Ղազանչեցոցն ու Դադիվանքը, Հայաստանից Արցախ վերադարձած ու Ստեփանակերտի փողոցում անտեր մնացած ու սարսափն աչքերին անտղամարդ ընտանիքը, տիրոջ ձեռքին կարոտող նռան կոտորված այգիներն ու Արցախի կառավարության շենքը, որի անտեր տանիքին էլ չի ծածանվում Արցախի Հանրապետության դրոշը: Մեր ցավն ու կորուստն հաշվելու չի...անգամ գրելու չի...
Դավաճանի մեկ ստորագրությամբ թաղեցիր մեր դարերի երազանքն ու անհայտ ժամանակով կոտրեցիր մեր արժանապատվությունը:
Ու դավաճանն իր տեքստերում Արցախի կողքին էլ Հանրապետություն բառը չի հնչեցնում:
Նա իր գործն արել է: Թվում էր, թե այս դանթեականից հետո նվազագույնը պիտի հեռանար, դիմեր բոլոր դավաճանների վերջին հանգրվանին…
Բայց՝ ոչ: Բոլորին սեր ու թավիշ խոստացած նիկոլը, կաթվածահար անելով ու փակելով բոլոր փողոցները,տասնյակ մեքենաների ուղեկցությամբ, դատարկ ու ողբից փոքրացած քաղաքի կենտրոնով տուն է սլանում:
նիկոլ, փախուստ չունես, միևնույն է՝ ողջ կյանքում ականջներումդ զնգալու է դա-վա-ճան ճիչն ու խղճիդ ծանրացած է մնալու համազգային նզովքը. դու ոչ միայն Արցախի դռները փակեցիր ու հազարների ճրագը մարեցիր, այլև մեր երազելու թևերը կոտրեցիր…
Դու պիտի խելագարվեիր՝ տեսնելով Արցախի փակված դարպասները, իսկ դու կառչել ես աթոռիդ…