Իշխանությունը փորձարկում է հասարակության ընդվզման աստիճանըAravot.am-ը գրում է.

Վերջին շրջանի իրադարձությունները՝ տրանսպորտի թանկացման դեմ կամ, ինչպես ասում են՝  50 դրամի բողոքի ակցիան, կարելի է ասել, իշխանությունների փորձարկումն է: Համենայնդեպս, իշխող կուսակցության ներկայացուցիչները մի տեսակ հեգնանքով են վերաբերվում բողոքի այս ալիքին եւ բացահայտ հայտարարում՝ եթե ցանկանան, մեկ գիշերում այն կարող են մարել: Հնարավոր է եւ մարեին, եթե ընդվզումը լիներ ավելի լուրջ, ասենք՝ իշխանափոխության համար: Բայց իշխանությունը առայժմ համբերություն է դրսեւորում, գուցե այն պատճառով, որ հասարակության պահանջն էլ շատ մի մեծ բան չէ:

Բողոքի ալիքի շնորհիվ քաղաքապետը որոշեց միառժամանակ տրանսպորտի ուղեվարձն անփոփոխ թողնել, իսկ ակցիան շարունակվում է մեկ այլ պահանջով՝ պաշտոնանկ անել տրանսպորտի վարչության պետին եւ «Երեւան-տրանս» ընկերության ղեկավարին՝ պաշտոնյային ոչ վայել վարք դրսեւորելու, հայհոյելու համար:    «Առավոտի» հետ զրույցում մտավորական Գագիկ Գինոսյանն այս բողոքի ակցիաները համարում է պայքար ընդհանրապես հայ քաղաքացու իրավունքների համար, որոնք նախաձեռնեցին երիտասարդները.

«Բայց չեմ կարծում՝ այդքան հեշտ կլիներ հաջողության հասնել, եթե լուրջ խնդրի պայքար լիներ: Ավելի հավանական է, որ իշխանությունները փորձում են զիջել փոքր հարցերում, որպեսզի ավելի մեծ հարցերի ու ավելի գլոբալ ընդհարումների տեղիք չտան: Գուցե նաեւ ժողովրդի տրամադրությունը փորձելու ցանկություն կա՝ որքանո՞վ է ժողովուրդը պատրաստ ընդվզելու, միգուցե ավելի լուրջ փոփոխություններ, ոչ լավ իմաստով, պատրաստվող լուրջ փոփոխություններ կան, որը ուղղակի փորձարկվեց տրանսպորտի գնի թանկացման հետ:

Փորձարկեցին, դրանով փորձեցին կողմնորոշվել՝ տեսնել, թե ժողովուրդն ինչ արձագանք կտա այդ ամենին, ոտքի կկանգնի՞ ավելի ուրիշ, լուրջ փոփոխությունների, ճնշումների կամ տնտեսական, գաղափարական, քաղաքական խնդիրների համար: Այլապես չեմ կարծում եմ, թե այդքան հեշտ կզիջեին այդ հարցում:

Բոլորովին չեմ ուզում նսեմացնել երիտասարդների դերն ու բոլոր նրանց, ովքեր ակցիային մասնակից են այս պայքարում, եւ, այնուամենայնիվ, իշխանությունները խորամանկ քայլի գնացին, այլապես հենց այնպես, այսպես թեթեւ չէին զիջի ու որոշումներ չէին փոխի: Սա ընդամենը ազդակ էր»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել