Նոյեմբերի 21-ին կառավարության որոշումը դուրս եկավ, ըստ որի՝ նշվում էր Ադրբեջանի օկուպացված կամ խաղաղ ճանապարհով Ադրբեջանին հանձնվող հայկական բնակավայրերի ցանկը: Այս որոշման խնդիրներն են.
1. Նշված է 121 համայնքի անուն, բայց իրականում 181 գյուղ և քաղաք է անցնում Ադրբեջանին: Կառավարության որոշման մեջ նշված են խոշորացված համայնքների անունները, ինչի արդյունքում 51 գյուղի անուն չի նշվել: Նկարում տեղադրած քարտեզում որոշման մեջ չնշված գյուղերը, որոնք անցնելու են Ադրբեջանին, դեղինով են ներկված: 181 գյուղ ու քաղաք անցնում է Ադրբեջանին: Համեմատության համար ու աղետի մասշտաբը պատկերացնելու համար ասեմ, որ ՀՀ-ն մոտ 950 գյուղ ունի: Ճիշտ է, Արցախի գյուղերի մի մասը շատ փոքր են, բայց ամեն դեպքում, 181 բնակավայր, որոնց մի մասն արդեն Ադրբեջանի վերահսկողության տակ են, մյուս մասն էլ շուտով կհանձնվի Ադրբեջանին:
2. Կառավարության որոշման մեջ սխալ է ձևակերպված․ ոչ թե բնակավայրերը անցել են Ադրբեջանի տիրապետության տակ, այլ Ադրբեջանը ռազմական օկուպացիա է նախաձեռնել և ռազմական ճանապարհով գրավել... Իրավական ճիշտ ձևակերպումները շատ կարևոր են, հատկապես հետագա պայքարի համատեքստում:
3. Կառավարության որոշման մեջ կա Չարեկթարի ու Ակնաբերդի անունը, որոնք չեն տեղավորվում որոշման տրամաբանությունում: Օրինակ՝ Ակնաբերդը, չգիտես ինչու, ժամանակին միացվել է Շահումյանի շրջանին, բայց ԼՂԻՄ-ի կազմում եղել է Մարտակերտի շրջանում (Ակնաբերդի դիրքը տեսեք կից քարտեզում): Ակնաբերդը եթե հանձնվեց Ադրբեջանին, նշանակում է, որ Ադրբեջանին կանցնի ողջ Սարսանգի ջրամբարն իր հարակից գյուղերով: Ադրբեջանին հանձնվում են տարածքներ՝ ելնելով ԼՂԻՄ քարտեզի տրամաբանությունից, պլյուս Հադրութն ու Շուշին, այդ դեպքում ինչո՞ւ է հանձնվում ԼՂԻՄ-ի Մարտակերտի շրջանի Ակնաբերդ գյուղը:
Էս պահին դիրքերի վերադասավորում է ընթանում, ինչի հիման վրա ընթանալու է հաջորդ պատերազմը: Դրա համար Ադրբեջանը, օգտվելով առիթից, որ հայկական կողմում խառնաշփոթ է, ԱԳՆ-ն, բանակը խառն են, ամեն գնով փորձելու է մի բլուր, մի դաշտ, մի գյուղ ավել վերցնել: Մի տեղ հաջողվում է, մյուս տեղում չի հաջողվում, բայց պետք է ընդունենք, որ ճակատամարտն է ավարտվել, ոչ թե պատերազմը, հետևաբար էս պահին շատ կարևոր է հնարավորինս հարմար բարձրունքներ ու դիրքեր պահել հայկական ազդեցության տակ:
Եկեք տարածենք էս իրականությունը, որի մասին չի խոսվում:
Հ.Գ. Գրելիս օգտվել եմ Ալվինայի նյութերից: