Բավականին կոշտ է հնչում Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը` հայ-թուրքական սահմանին սպանված թուրք հովվի մահվան կապակցությամբ:
Հայ-թուրքական սահմանին սահմանի անգիտակցաբար հատման դեպքեր շատ են տեղի ունենում, քանի որ սահմանի երկայնքով մեկ` Թուրքիայի սահմանամերձ տարածքներում բնակավայրեր են գտնվում, և տեղի բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է: Սակայն, կրակել խաղաղ բնակչի վրա, ով սահմանը խախտելու միտում չի ունեցել, անմեկնաբանելի է: Անհավանական է նաև այն տարբերակը, որ թուրք հովիվը փորձել է հատել սահմանը և այդ պատճառով կրակահերթ է բացել ռուս սահմանապահների ուղղությամբ և փոխհրաձգության արդյունքում վիրավորվել և այնուհետև մահացել է: Չեմ հասկանում նման վարկածի իմաստը, երբ թուրք հովիվը պարզապես կարող էր հանձնվել և ապաստարան խնդրել ՀՀ իշխանություններից:
Տեղի ունեցած դեպքը կարող է այդքան սրություն չունենար, եթե հայ–թուրքական և հայ-իրանական սահմանի պահպանումը չիրականացնեին ռուսական սահմանապահ զորքերը: Ինչպես և սպասելի էր, ոմանք այս դեպքին քաղաքական բնույթ հաղորդեցին, իբր թե ռուսները հայերի համար նոր ճակատ են բացում` փորձելով բարդացնել Հայաստանի՝ առանց այն էլ հանգուցված հարաբերությունները հարևանների հետ: Թուրքիայի իշխանությունները, ինչպես և հարկն էր, արձագանքեցին միջադեպի կապակցությամբ՝ Հայաստանին հասկացնելով, որ այս ամենին դիվանագիտական մոտեցում է ցուցաբերվելու, այսինքն` կտեսնեք, թե մենք ինչպես կպատասխանենք ձեզ: Իհարկե, Ռուսաստանի՝ Հայաստանի նկատմամբ վարած նման քաղաքականության արդյունքում ռուսաստանաբնակ մեր հայրենակիցները ակամա ստանում են պատանդի կարգավիճակ, որը հայ-թուրքական հարաբերությունների վատթարացման սցենարի զարգացման դեպքում սպառնում է նաև թուրքաբնակ մեր հայրենակիցներին: Նշանակում է, որ մեր հայրենակիցները պարզապես պատանդներ են այս երկրներում, ում պատճառով Հայաստանը շանտաժի է ենթարկվում և հայտնվում է բարդ իրավիճակում, քանի որ մեր հայրենակիցներին արտաքսելու դեպքում Հայաստանը կհայտնվի անելանելի ճգնաժամի մեջ (թերևս, որի մեջ է արդեն): Չի կարելի անտարբերության մատնել այն փաստը, որ Ռուսաստանը սկսել է Հայաստանի վրա ճնշումներ գործադրելու տարբեր լծակների կիրառումը, որից մեկն էլ հանդիսանում է մեր հայրենակիցների նկատմամբ արտաքսման սպառնալիքի գործադրումն ու կիրառումը:
Թուքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, ակնհայտ սպառնալիք կա: Ըստ իմ մեկնաբանության` Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարության ենթատեքստում ակնարկում է, որ Հայաստանի նման պահվածքը տարածաշրջանում հանդիսանում է պատերազմի հրահրիչ, և որ դա անընդունելի է համարվում Թուրքիայի կառավարության կողմից: Ակնհայտ է, որ Թուրքիան կոչ է անում Հայաստանին վերանայել արտաքին քաղաքականությունը, որը կարծում եմ, որ իսկապես ձախողված է: Թուրքիայի դիրքորոշումն այսքան կոշտ չէր հնչի, եթե հայ–ռուսական հարաբերություններն այսքան լարված չլինեին, այստեղից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան փորձում է շոշափել տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության և հայ –ռուսական հարաբերության լարվածության աստիճանը:
1993 թվականին, երբ ծառայում էի Գյումրիում տեղակայված ռուսական բանակում, մի միջադեպ տեղի ունեցավ: Այդ տարիներին Գյումրիում տեղակայված ռուսական դիվիզիայում բարձրացված ռուսական դրոշը փոխարինվեց հայկական դրոշով: Այդ ժամանակ Թուրքական սահմանի մոտ ՆԱՏՈ-ն զորավարժություններ էր անցկացնում, որի ժամանակ տանկից արձակված մարտական արկը պայթեց սահմանամերձ գյուղերից մեկի դաշտում: Շտապ մարտական պատրաստվածության բերվեցին թե՛ հայկական և թե՛ ռուսական զորքերը: Անկեղծ, հիշում եմ, որ ընդամենը մի քանի ժամ անց հայկական դրոշը փոխարինվեց ռուսական դրոշով, և այնուհետև ՆԱՏՈ-ի կողմից բացատրություններ տրվեցին, որին հետևեցին ափսոսանքի խոսքեր և այլ: Հրամանատարս Աղվանստանում թալիբների դեմ կռված ռուս սպա էր, հիշում եմ, ծիծաղում էր և ասում` տեսնում ես մի դրոշի նշանակությունը, քանի այն կա, էս սահմանը ոչ ոք չի անցնի: Այսօր փաստ է, որ Հայաստանն իսկապես ապահովության երաշխիքների կարիք ունի: Իսկ թե ո՞վ կտա այդ երաշխիքը, և ո՞ր երկրի դրոշը կծածանվի հայկական սահմանին՝ հայկական քամուց, տակավին դեռ մնում է արտաքին քաղաքականության խնդիրը: