1in.am-ը գրում է.
Հայաստանում ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ վարչության (ФСБ ) մամլո ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը, ում խոսքերը մեջբերում է ИТАР-ТАСС-ը, հաղորդել է, որ Մուստաֆա Ուլկերը ոչ միայն խախտել է Հայաստանի հետ սահմանը, այլ նաև կրակել է ռուս սահմանապահների ուղղությամբ, ապա փորձել խորանալ հայկական տարածքում:
Ռուս սահմանապահները բացել են պատասխան կրակ՝ վիրավորելով սահմանախախտին:
Հայաստանում Ռուսաստանի անվտանգության Դաշնային ծառյաության սահմանապահ վարչությունը հետաքննում է կատարվածը: Այս մասին հայտնում է ռուսական Regnum գործակալությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին թուրք հովիվ Մուստաֆա Ուլկերը, ով Հայաստանին սահմանակից Կարս քաղաքի բնակիչ է, վիրավորվել է հայ-թուրքական սահմանին, իսկ հաջորդ օրը՝ մահացել:
«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Ռուսաստանում խորապես մտահոգ են հայ-թուրքական սահմանին տեղի ունեցած դեպքի հնարավոր հետևանքներից, քանի որ դա կարող է լրջորեն արտացոլվել ինչպես հայ-թուրքական, այնպես էլ ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
Մեր աղբյուրները պնդում են, որ հայ-թուրքական սահմանին հովիվները բավական հաճախ են հատում սահմանը, ու նման դեպքերում սահմանապահների կողմից թիրախի վրա կրակ չի բացվում, հովիվները հետ են վերադառնում: Ամենամեծ բանը, որ կարող է տեղի ունենալ, այն է, որ օդի մեջ կրակեն՝ «առավել մեծ համոզվածության համար»:
Մեր աղբյուրները հաղորդում են նաև, որ ռուսական կողմը ներկայում փորձում է «նախագծել» դեպքի վարկածը, որի համաձայն՝ մեղքը պետք է ընկնի սահմանախախտի վրա:
Թուրքական կողմի վարկածի համաձայն՝ Ուլկերը հատել է սահմանը պատահաբար՝ «որոնելու մոլորված կենդանուն»:
Դրա հետ կապված՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես «կտրուկ դատապարտում է անմեղ քաղաքացու վրա» կրակ բացելը:
Փաստաղթղում ենթադրություն է հայտնվում, որ «սահմանի հատումը տեղի է ունեցել պատահաբար»:
Դրա հետ կապված՝ Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտում է «հայկական կողմից ուժի չափազանց կիրառումը՝ կապված այդ շարքային իրադարձության հետ», «անբացատրելի» է համարում սահմանախախտի վրա կրակ բացելը ու Հայաստանին կոչ է անում հարևանների հետ առողջ բանականության: