Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ հանրապետությունում իրականացվող անհնազանդության ակցիաների մասնակիցներին բերման ենթարկողները եղել են բացառապես ՀՀ ոստիկանության աշխատակիցներ:
Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին
Հարգելի պարոն Ղազարյան,
Տեղյա՞կ եք արդյոք, որ Ոստիկանության ծառայողների, այդ թվում՝ հատուկ հանձնարարություններ կատարող ստորաբաժանումների աշխատակիցների համազգեստի նկարագիրը և այն կրելու կարգը սահմանված են կառավարության համապատասխան որոշմամբ և ոստիկանապետի հրամանով։
Սահմանված ձևի համազգեստի կրումը նախ և առաջ թույլ է տալիս այն կրող անձանց հասարակության մեջ նույնականացնել որպես ոստիկանության ծառայողներ, որոնք իրավասու են կատարել իրավապահ գործառույթներ։ Միայն այդ դեպքում հասարակ քաղաքացին, տեսողական ճանաչման միջոցով այդ ծառայողներին ընկալելով իբրև օրենքի պահապաններ, պարտավոր է ենթարկվել նրանց օրինական պահանջներին։
Հակառակ դեպքում, երբ ենթադրյալ ծառայողները կրում են անհասկանալի ձևի, գույնի և դրան էլ վերադիր՝ հիերոգլիֆներով գունազարդված հագուստ, քաղաքացին կարող է ողջամտորեն այդ անձանց համարել, օրինակ, նինձյաներ, Հելոուինի կերպարներ կամ, ինչու ոչ, իսլամական գրոհային ջոկատայիններ։ Հետևապես քաղաքացիներն այս դեպքում ունեն նաև ինքնապաշտպանվելու կամ նվազագույնը՝ այդ անձանց որևէ պահանջ չկատարելու սահմանադրական իրավունք։
Իսկ հիմա նայեք այս նկարին և պատասխանեք՝ ովքե՞ր են այս մարդիկ և ի՞նչ գործ ունեն նրանք Երևանում։