A1plus.am-ը գրում է․

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը համարումէ, որ եկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տևական խաղաղության հաստատելու պահը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։Միացյալ Նահանգներն անկեղծորեն ողջունել է բռնությունների դադարեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության տարածքում։

«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերված պայմանավորվածություն մարտական գործողությունների դադարեցման վերաբերյալ, և կարևորում ենք այսօր ներկայացված հավելյալ տեղեկատվությունը՝ կապված այդ պայմանավորվածության փաստացի իրականացման հետ։ Մենք խրախուսում ենք, որ դուրս մնացած հարցերի լուծման ու հակամարտության տևական խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերն աշխատեն Մինսկի խմբի համանախագահների հետ»,- գրել է դեսպանը:

ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նշել է, որ երկարաժամկետ հեռանկարում որևէ ռազմական լուծում այս հակամարտությունը չի կարող ունենալ. վերջնական կարգավորման ցանկացած տարբերակ պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտով նախատեսված սկզբունքների վրա, որոնք նախատեսում են ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառում, տարածքային ամբողջականություն և իրավահավասարության ու ինքնորոշման իրավունք ազգերի համար։

«Սրանք են սկզբունքները, որոնք պետք է կիրառվեն այս հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար։ Չնայած մարտական գործողությունները մեծապես կանգ են առել, սակայն հումանիտար իրավիճակը տեղում մնում է աղետալի։ Միացյալ Նահանգները տեսնում է, որ վրա է հասնում հումանիտար ճգնաժամ։ Հակամարտության գոտում պայմաններն առավել սրվում են կորոնավիրուսի գլոբալ համավարակի հետևանքով, ինչն ակնհայտորեն սրացումներ կունենա, քանի որ առջևում ձմեռ է։ Մենք կողմերին հորդորում ենք սերտորեն աշխատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ պահվող անձանց ու աճյունների վերադարձը կազմակերպելու, ինչպես նաև հոկտեմբերի 29-ին Ժնևում համաձայնեցված մյուս քայլերի շուրջ»,- նշել է Գիլմորը:

Դեսպանը հայտնել է, որ Միացյալ Նահանգները շոշափելի ներդրում է կատարում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և մյուս հասարակական կազմակերպությունների ջանքերին աջակցելու նպատակով հատկացնելով 5 միլիոն ԱՄՆ դոլար:

«Ես վստահ եմ, որ ամերիկացի կամավորներն ու աշխատակիցներն իրենց դերակատարումը կունենան հումանիտար ճգնաժամի այս իրավիճակը կարգավորելու գործում։ Շատ մեծ ու քայքայիչ է այս հակամարտության ազդեցությունը տարածաշրջանային կայունության ու բարեկեցության հարցում։ Միացյալ Նահանգներում մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին։ Քանի որ բոլոր կողմերը ԵԱՀԿ անդամներ են և ընդունում են Եզրափակիչ ակտի սկզբունքները, մենք խրախուսում ենք, որ մասնակից երկու պետություններն օգտագործեն ԵԱՀԿ ռեսուրսները, որոնք կօգնեն ԵԱՀԿ սկզբունքների իրագործման ու ԵԱՀԿ առաջ ունեցած պարտավորությունների կատարման հարցերում։ Այս ձգձգված հակամարտության համար տեղի համայնքները շատ բարձր գին են վճարել, և մենք դա գիտակցում ենք։ Հիմա այն պահն է, երբ պետք է հասնել տևական խաղաղության հաստատման»,- գրել է դեսպանը:

Ջեյմս Ս․ Գիլմոր III-ը վստահություն է հայտնել, որ Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի գոտում տևական ու կայուն խաղաղության հասնելու հարցում կարող են օգնել կողմերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել