Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից բխում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերից: Ահա, թե ինչու:
☑️Ղարաբաղի խնդրին լրջությամբ տիրապետողները շատ լավ գիտեն, որ Փաշինյանի ստորագրած «Ամոթալի դաշնագրով» Ղարաբաղի հարցն իրականում չի լուծվել: Անգամ աննախադեպ նվաստացուցիչ ու միակողմանի զիջումների արդյունքում մեզ համար կենսական այս հարցը լուծված չէ, իսկ խաղաղությունը տարածաշրջանում մնում է երկարաժամկետ առումով չերաշխավորված:
☑️Դատողություն ունեցողների համար ակնհայտ է, որ միայն արժանապատիվ, հակամարտության կողմերի հնարավորինս համաչափ ու փոխադարձ զիջումների վրա խարսխված, բալանսավորված «Խաղաղության Պայմանագիրը» (որն առաջիկայում պետք է դեռ բանակցել և ստորագրել), կարող է երաշխավորել արցախյան հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, ինչը իրական խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին` հանդարտեցնելով հակամարտող ժողովուրդներին և զարգացման, բարեկեցության ու համագործակցության պատուհան բացելով այդ ժողովուրդների համար: Աչքի նման պարզ է, որ կողմերից մեկի կապիտուլյացիան ոչ միայն չի կարող ինքնին խաղաղ կարգավորում լինել, այլև կծառայի իբրև հետաձգված հերթական արյունալի պատերազմի անխուսափելի սնուցարան:
☑️Րոպե անգամ չեմ կասկածում, որ այս պարզ հանգամանքը ամենալավը հասկանում են հենց նույն միջնորդ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Ուստի, որքան էլ տարօրինակ թվա, Նիկոլ Փաշինյանի` իշխանությունից հեռացումը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նույնքան համանախագահ-միջնորդ երկրների շահերից է բխում, քանի որ նրա հեռացումն այն անքննելի ու բնական նախապայմանն է, որը հայկական կողմին` բանկացողների նոր թիմին, հնարավորություն կտա խաղաղ եղանակով, բանակցային ճանապարհով հասնել բալանսավորված «Խաղաղության պայմանագրի» ստորագրման և հարցի վերջնական լուծման, գերնպատակ, որի ուղղությամբ այդ երկրները տասնամյակներ շարունակ ահռելի քաղաքական ռեսուրս են ծախսել և երախտագիտության արժանի մեծ ջանքեր գործադրել:
☑️Կասկած չունեմ, որ այս ակնհայտ իրողությունը քայլ առ քայլ տեսանելի կդառնա բոլորի համար: