Aravot.am-ը գրում է.
Արցախի տեղեկատվական շտաբը երկու օր առաջ տեղեկացրեց, որ Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը ևս անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ ի կատարումն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ձեռք բերված՝ Ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին եռակողմ համաձայնության դրույթների: Երեկ երեկոյան, Sputnik Արմենիան տեղեկացրեց, որ Արցախի Ասկերանի շրջանից վեց գյուղ արդեն անցել են հակառակորդի վերահսկողության տակ, ևս երկուսն էլ կանցնեն։ Ասկերանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ այդ ութ գյուղերում, ընդհանուր առմամբ 2733 մարդ է ապրել, որոնք բոլորը մնացել են առանց տների։ Նա արցախցիներին կոչ է արել՝ ովքեր տուն են կորցրել՝ չշտապեն վերադառնալ Արցախ, քանի որ բնակֆոնդի խնդիր կա: Ասկերանի շրջանը 1.222 կմ² է, բնակչությունը՝ 2005 թվականի տվյալներով, եղել է 16.979 մարդ: Շրջանն ունի 42 համայնք, 47 գյուղական և 1 քաղաքային բնակավայր։ Շրջկենտրոնը Ասկերան քաղաքն է։ Ասկերանի շրջանը գտնվում է ԼՂՀ տարածքի կենտրոնական մասում, ընդգրկում է Կարկառ գետի ավազանը։ Հարավում սահմանակից է Հադրութի, արևելքում՝ Մարտունիի և Աղդամի հետ, արևմուտքում՝ Շուշիի և Քաշաթաղի, հյուսիսում՝ Մարտակերտի շրջաննի հետ:
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած տեղեկատվության, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դեռ երեկ են մուտք գործել Աղդամի շրջան: Եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ Աղդամի շրջանը վերադարձվում է Ադրբեջանի հանրապետությանը մինչև 2020 թվականի նոյեմբերի 20-ը: Իրավական առումով, Աղդամը գտնվում է Ադրբեջանի հանրապետության տարածքում: 1993 թվականի հուլիսին, Աղդամի շրջանի մի զգալի մասն անցել էր հայկական վերահսկողության տակ եւ ընդգրկվել էր Ասկերանի շրջանի վարչական շրջանի տարածքի մեջ:
Ադրբեջանին հանձնվեց նաև հնավայր Տիգրանակերտը: Այն պատմական հայկական քաղաք Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի հարավ-արևելքում, Խաչեն գետի աջ ափին։ Կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, հայոց արքա Տիգրան Մեծի կողմից: Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը հայտնաբերվել է 2005 թվականին։ Այն գտնվում է Վանքասար անունով սարի և «Արքաների աղբյուր» կոչված աղբյուրի մոտակայքում։ 2006 թվականին սկսվել են Արցախի Տիգրանակերտի պեղումները. գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցի։ Քաղաքը հիմնականում կառուցված է սպիտակ կրաքարով։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկն է 2008 թվականի հուլիսի 15-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/11/20/1153396/
© 1998 - 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից