2019-ից Հայաստանը դարձել է ծերացող երկիր` բնական մահերի թիվը գերազանցում է ծնունդներին։ 2020-ին այդ տոկոսն ավելանալու էր։ Իսկ հիմա դրան գումարվել են համաճարակի մահաբեր հետևանքներն ու 44-օրյա պատերազմի արդյունքում մի հզոր սերունդի կորուստը, սպասվող ճգնաժամերը և ամենացավալին` պարտվողի հոգեբանական ճնշվածությունը, որոնք մեզ ծերացող ազգի կարգավիճակից տեղափոխում են «մահացողի» կարգավիճակի։
Ասենք վե՞րջ: Իհարկե ոչ։ Բայց այդ «ոչ»-ը պետք է հասկանալ ինչպես կյանքի կոչել։ Ու քանի որ հին մտածելակերպով գործած սխալները նոր մտածելակերպով են ուղղում, հետևաբար ամեն ինչ պետք է փոխվի, առաջին հերթին՝ դեմքերը։
Հեռացե՛ք, ու դա թող լինի առաջին քայլը դեպի ազգային միասնականություն։ Պատասխանատվությունն սկսվում է գիտակցությամբ, որ պետք է արվի առաջին քայլը` ազատելով դաշտը կատարված սխալների մտածելակերպից, հեռանալով, նորի համար ճանապարհ բացելով։ Եկեք «մեռնողից» դառնանք վերածնվող երկիր։ Հեռացե՛ք: