ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում պարզվել է, որ կից տեսանյութում երևացող՝ ադրբեջանական զինված ուժերի կողմից անմարդկային վերաբերմունքի արժանացած անձը Շուշի քաղաքի բնակիչ, 80-ամյա Ջոնիկ Թևոսյանն է: Նա չէր հասցրել լքել Շուշին, և ընկել էր ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության ներքո:
Ջոնիկ Թևոսյանի ընտանիքի անդամները դիմել են մեր աշխատակազմ՝ խնդրելով աջակցել իրենց հարազատի իրավունքների պաշտպանության հարցում: Մենք եղած տվյալները փոխանցել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ խնդրելով հնարավորինս արագ ապահովել ԱՀ քաղաքացու կյանքի ու այլ իրավունքների պաշտպանությունը՝ ըստ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի:
Այս տեսանյութով ևս մեկ անգամ դրսևորվում է Ադրբեջանում տիրող հայատյացության տրամադրությունների համակարգային ու խորքային բնույթը, որոնք ամբողջովին խրախուսվում են պետության կողմից: Սա հայատյացության ու պատերազմական հանցագործությունների մեծ շղթայի մեկ դրվագն է, և ցավալիորեն պետք է արձանագրել, որ մեկը մեկից ավելի դաժան այդպիսի դրվագները ոչ միայն ուղղակիորեն ողջունվում են ադրբեջանական հասարակության կողմից, այլ նաև շարունակություն են ստանում միջազգային հանրության կուրության, խլության ու համրության պատճառով:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ համատեղ այս դեպքը ևս ներկայացնելու ենք միջազգային համապատասխան մարմիններ և հետևողական ենք լինելու պատշաճ գնահատականների հասնելու հարցում: