Politik.am-ը գրում է.
2,5 տարի շարունակ հասարակական-քաղաքական տարբեր շրջանակներ մշտապես պնդել են, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի միջամտությունը պետական ամենատարբեր հարցերի անօրինական է և կարող է լրջագույն խնդիրներ ստեղծել պետության համար։
Իշխանությունները այս քննադատություններին արձագանքում էին մեղադրանքով, թե ընդդիմախոսները չարախոսություններ են տարածում, և Աննա Հակոբյանը իրականում չի միջամտում պետական գործերին։
Այսօր արդեն, ՀՀ նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը հաստատեց մամուլի այն հրապարակումները, ըստ որի՝ Արցախի ՊԲ շտաբում միջադեպ է տեղի ունեցել իր և Աննա Հակոբյանի միջև․«Տեսել եմ տիկին Աննան նստած է հրամանատարական կետի մոնիտորի առաջ, իսկ կողքը Սամվել Բաբայանն է։ Այնտեղ ընթանում էր դիտարժան մարտ, հակառակորդի մուտքն էր Մատաղիս, մեր զորքերը էֆեկտիվ ջախջախում էին։ Որևէ հարցի չէր խառնվում, ցուցումներ չէր տալիս։ Երբ դա ավարտվեց, ես մոտեցա, ասացի տիկին Աննա, մնացած ուղղություններում ընթանում են մարտեր, նպատակահարմար է, որ դուք գնաք, որովհետև տղաները կաշկանդվում են ձեզնից, հայհոյանք կա և այլն, լավ է՝ գնաք։ Մի 20 րոպե հետո գնաց։ Չորս ժամից հետո ինձ կանչեցին Երևան, պաշտպանության նախարարի մոտ, ինձ հրամայեցին, որ դուք այլևս չպիտի գնանք Արցախ»,- մանրամասնեց Հակոբյանը։
Մովսես Հակոբյանի ասուլիսի ընթացքում հայտնի դարձավ, որ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները կառավարության շենքում հանդիպում են Աննա Հակոբյանի հետ։ Եվ սա այն պարագայում, երբ Աննա Հակոբյանը կառավարությունում որևէ պաշտոնական լիազորություն չունի։
Ըստ էության, իշխանությունները այլևս չեն թաքցնում այն իրողությունը, որ Հայաստանում ստվերային վարչապետը Աննա Հակոբյանն է։ Հենց նա է կարևորագույն որոշումները կայացնում և իր որոշման հիման վրա են տարբեր գործողություններ իրականացվում։ Հիմա մնում է հանրությունը գիտակցի, որ ընտրելով Նիկոլ Փաշինյանին իրականում վարչապետ է ընտրվել նրա կինը՝ Աննա Հակոբյանը։