ՌԴ Դաշնության խորհուրդը միաձայն ընդունել է բանաձև, որով համաձայնություն է տալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ անհրաժեշտ սպառազինությամբ ռուս զինվորականներ, ինչպես նաև ռազմական ու հատուկ տեխնիկա ուղարկելու առաջարկին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահին թույլատրել 2020 թվականի նոյեմբերի 10-ից Լեռնային Ղարաբաղ ուղարկել անհրաժեշտ սպառազինությամբ ու ռազմական և հատուկ տեխնիկայով Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի զորամիավորում՝ համաձայն Ադբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի ու Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ 2020 թվականի նոյեմբեր 9-ի համատեղ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական օբյեկտներին վնասի պատճառումից ու քաղաքացիական բնակչության զանգվածային մահերից խուսափելու համար հայկական ու ադրբեջանական կողմերից կրակի ու այլ թշնամական գործողություններ դադարեցման շուրջ պայմանավորվածության պահպանման մասին»,- ասված է բանաձևի տեքստում:

Բանաձևի ընդունմանը կողմ են քվեարկել 139 սենատոր: Այն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել