Armenpress.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին ընդունված եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործնական ասպեկտները: Գոհունակություն է հայտնվել, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, իսկ շփման գծում տիրող իրավիճակը բավականին հանգիստ է:

Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում ՌԴ նախագահը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, որ շրջաններում, որոնք եռակողմ հայտարարության համաձայն՝ վերադարձվում են Ադրբեջանին, կան քրիստոնեական տաճարներ և վանքեր: Այս առումով նա ընդգծել է այդ սրբավայրերի պահպանման և նորմալ եկեղեցական կենսագործունեության ապահովման կարևորությունը:  Ադրբեջանի նախագահն այդ ուղղությամբ ըմբռնում է ցուցաբերել և ասել, որ հենց այդ սկզբունքով  է գործելու ադրբեջանական կողմը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել