Armenpress.am-ը գրում է.

ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահ Ղոլամհոսեյն Շաֆեիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Իրանում ՀՀ-ի դեսպանությունը:

Երախտագիտության խոսք հայտնելով Ղոլամհոսեյն Շաֆեիին այս ծանր ժամանակահատվածում Իրանի ցուցաբերած բարիդրացիական վերաբերմունքի և հավասարակշռված դիրքորոշման համար՝ դեսպան Թումանյանն ընդգծել է, որ Հայաստան-Իրան առևտրատնտեսական հարաբերություններն ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ընթացքում պահպանել են նախորդ ժամանակաշրջանի զարգացման տեմպը. մի բան, որ խոսում է դրանց համակարգված և փոխշահավետ բնույթի մասին:

Ինչպես նշել է ՀՀ դեսպանը, ըստ էության, ո´չ համավարակը, և ո´չ էլ պատերազմական վիճակը չեն խաթարել երկկողմ բնականոն տնտեսական հարաբերությունները:

Առևտրի պալատի նախագահ Շաֆեին ևս անդրադարձել է հայ-իրանական տնտեսական հարաբերությունների վերջին ժամանակաշրջանի հաջողություններին և առաջիկա դրական զարգացումներին:

Զրուցակիցները երկուստեք ընդգծեցին, որ նոր իրադարձություններով պայմանավորված պետք է անել հնարավորինս հարաբերությունների՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության շարունակական զարգացումն ապահովելու համար:

ՀՀ դեսպանության և Իրանի առևտրի պալատի միջև համաձայնություն ձեռքբերվեց մի շարք համատեղ միջոցառումներ կազմակերպելու շուրջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել