Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 3 օր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը։

«Կրկին հիշեցնեմ, համաձայն ՀՀ վարչապետի ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրած համատեղ հայտարարության՝ Հայաստանը պետք է նոյեմբերի 15-ին Ադրբեջանին վերադարձնի Քելբաջարի շրջանը:

Ինչպես և խոստացել էի, անդրադառնամ Նիկոլի անհապաղ հեռացման համատեքստում մեր հայրենակիցներին առավել հուզող երկրորդ հարցին:

ՀԱՐՑ

Ո՞վ է գալու իշխանության Նիկոլից հետո, և արդյո՞ք սա աթոռակռիվ չէ:

ՊԱՏԱՍԽԱՆ

Ո՛չ, սա աթոռակռիվ չէ՝ շատ պարզ պատճառով:

Այն արհավիրքի մեջ ու բազմապատկված արհավիրքի սպասման ներքո, որում գտնվում է մեր երկիրն այսօր՝ միայն քաղաքական մահապարտը կձգտի ստանձնել նման պատասխանատվություն (լինի դա անհատ, թե որևէ առանձին վերցրած քաղաքական ուժ):

Փորձեք ընդամենը պատկերացնել առկա և սպասվող ճգնաժամի չափերը (պատերազմի մարդկային կորուստներ, հայրենիքի որոշակի հատվածի կորստյան ստորագրված փաստաթուղթ, չավարտված պատերազմ, փախստականների չդադարող հոսք, կործանարար դինամիկան չկորցրած պանդեմիա, սոցիալական և տնտեսական ճգնաժամ, ավիրված արտաքին և անվտանգային քաղաքականություն, և այլն, և այլն...):

Ի՞նչ աթոռակռվի մասին կարող է խոսք լինել նման «մխացող անապատի» պայմաններում:

Հետևաբար, խոսք կարող է լինել միայն ու միայն կոլեգիալ մարմնի կողմից իշխանությունը ստանձնելու մասին՝ հանրային պոտենցիալի մաքսիմալ ներգրավմամբ:

Հենց այս մասին են խոսում այսօր Նիկոլի անհապաղ հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը, և հենց այս մարմինն են փորձում հրատապ ձևավորել:

Որոշումների ընդունման գործընթացը նման իրավիճակում պետք է լինի առավելագույնս արագ, որակյալ և արդյունավետ: Վստահ եմ, դրան հասնելու համար կձևավորվի համակարգող մարմին:

Բոլորիս ներգրավմամբ պետք է փորձենք դուրս գալ այս արհավիրքից, դուրս գալ՝ հնարավորինս նվազեցնելով կորուստները…

Իրավական կարգավորումների մասին կխոսեն իրավաբանները:

Կոլեգիալ մարմինը կգործի մինչ այն պահը, երբ կործանմանը դիմագրավելու օրակարգը կհասնի իր տրամաբանական ավարտին, որից հետո բնականոն գործընթացով կձևավորվի նոր իշխանությունը: Կձևավորվի բոլորիս քվեի հիման վրա, իսկ կանենք մեր ընտրությունը՝ հիմք ընդունելով նաև քաղաքական ուժերից յուրաքանչյուրի այս ծանր շրջանում ունեցած իրական ներդրումը:

Այս ամենը կլինի, իսկ մինչ այդ՝ Նիկոլը ժամ առաջ պետք է հեռանա:

ՄԵՆՔ ՀԱՊԱՂԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ՉՈՒՆԵՆՔ:

Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է ոչ ամբողջական 3 օր»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել