Փաշինյանը գործակա՞լ էր, դավաճա՞ն, թե՞ պարզապես անմեղսունակ, այս պահին էական չէ: Էականն այն է, որ իմ ու քո հայրենակիցներն այս պահին ազատում են Քարվաճառը, զինվորականները՝ թողնում Մռավի իրենց դիրքերը, որ պաշտպանել են շուրջ երեք տասնամյակ, իսկ քահանաները հանում են մեր եկեղեցիների խաչերն ու զանգերը՝ վերջին հայացք գցելով մեր մատուռներին, որոնց գլխին նորից գոմ դառնալու հեռանկար է կախվել: Էականն այն է, որ ես ու դու այլևս ոչ թե ապրելու, այլ գոյատևելու ենք: էականն այն է, որ դատապարվում ենք գլխիկոր ապրելու: Էականն այն է, որ Արցախն ու Հայաստանը գրեթե ամբողջությամբ դառնում են սահմանային՝ խաղաղության խիստ անորոշ հեռանկարով: Մենք կորցնում ենք մեր հանգիստ ապրելու իրավունքը հենց հիմա, հենց այս պահին, երբ հեռուստացույցով Դավիթ Տոնոյանի երեկվա անմեղսունակ ելույթի կրկնությունն է՝ հերոսական գեն ձևավորելու մասին, իսկ Նիկոլը հերթական լայվով հերթական մեղքը բարդում է հերթական մեկի վրա:
Թե կոնկրետ ինչու այսպես ստացվեց, հիմա նույնպես էական չէ: Դրա մասին կխոսենք վաղը: Բայց գիտակցումը, որ մեղավոր էինք բոլորս, պետք է լինի հիմա: Մեղավոր էր գիտնականը, որ զենք չհայտնագործեց, ինժեները, որ զենքը չնախագծեց, գործարարը, որ հարկ քիչ մուծեց, ես, որ ՀԴՄ չեմ պահանջում ու թիկունքում մեդիաների համակարգումը գերադասեցի սահմանին կռվելուց, դու, որ այնքան էիր հոգնել ճահճից, որ իշխանության բերեցիր ում պատահի: Ու երբ հասկանանք, որ մեղավոր էինք բոլորս, բոլորով կզգանք այս իրավիճակը թեկուզ փոքր ինչ շտկելու պատասխանատվությունը:
Այս պահից էական է միայն իմ ու քո ընտանիքների ապահովությունը․ որտեղ կապրեն նրանք ու ինչպես կապրեն: Դա որոշվում է հենց հիմա, երբ քաղաքական ուժերն ու քաղաքացիները երթով հասել են ԱԺ-ի դիմաց: Այս պահից էական է միայն այն, թե ինչ կանես դու հիմա:
Կռվել ես, թե ոչ, կամավորագրվել ես, թե թաքնվել, ոստիկան ես, թե քաղաքացի, քաղաքական գործիչ, թե գործարար․էականն այն է, որ գիտակցես՝ Փաշինյանը կամ գնում է հիմա, կամ գնում է վաղը՝ արյունով: Ու որպեսզի վաղը արյունով չգնա, պետք է բոլորս քայլ անենք հիմա: Հայ ժողովուրդը չի ընդունելու ու չի կարող ապրել ստորացուցիչ այս պայմանավորվածության հետ, որն ավելի վատն է, քան երբևէ բանակցված ցանկացած բան: Հայ ժողովուրդը չի կարող ապրել կոտրված մեջքով: Մենք շատ ցավ ենք տեսել, շատ անգամ ձախողվել, բայց Արցախյան հաղթանակը մեզ միշտ ուժ ու հավատ է տվել: Մենք չենք կարող այսպես պարտվել: Սա ավելին է, քան կարող էինք զիջել, ու շատ ավելին, քան Ադրբեջանը կարող էր երազել: Սա շատ ավելին է, քան ցավոտ զիջումը, սա մահ է: Տղերքը, որոնք Մռավում թուրքի գնդակից չեն մեռել, հրաժարվելու են Նիկոլի գրչից մեռնել ու զենքով վերադառնալու են Երևան, ու ցույցեր չի, որ անելու են: Այդ ստորագրությունը պարտություն է՝ ցավալի պարտություն: Ուստի պետք է օգնել, որ Փաշինյանը գնա հիմա, հակառակ դեպքում քաղաքացիական պատերազմ է լինելու ու նորից արյուն:
Թաքնված վարչապետը մեզ փորձում է բացատրել, որ հաշտվենք, որ միայնակ լավ պայքարեցինք, բայց մեր մեջ հարց կա՝ ինչո՞ւ մենակ մնացինք: Հակակշիռների ու բալանսների աշխարհում ինչո՞ւ մենք մնացինք մի կողմում, իսկ աշխարհը՝ մեկ այլ: Մեր մեջ հարց կա՝ ինչո՞ւ 40 օր մեզ խաբեցին, ասացին՝ հաղթում եք, սա երկարաժամկետ պատերազմ է, գնացեք ձեր կիրակին վայելեք, հետո հիվանդանոց ընկան ու ասացին՝ երանի չարթնանայի: Մեր մեջ հարց կա՝ ինչո՞ւ մեզ խաբեցին, որ առանց մեզ որոշում չեն կայացնի ու 2.5 տարի բանակցությունների թեմայով մեր բոլոր հարցերը ծաղրեցին, իսկ հիմա դավաճանաբար ու միայնակ ստորագրեցին բոլորիս ու բոլորիս երեխաների անունից: Մեր մեջ հարց կա՝ ինչո՞ւ մեզ զրկեցին ազգային իմունիտետից, ինչու 2.5 տարի համառորեն արժեզրկեցին մեր հաղթանակած գեներալներին, մեր հերոսներին, մեր ազգայինը, ինչո՞ւ քանդեցին տնտեսությունը, առողջապահական համակարգն ու ինչո՞ւ արժեզրկեցին եկեղեցին: Մեր մեջ հարց կա՝ ինչո՞ւ այս վճռական պահին մենք մնացինք մենակ, բացարձակ մենակ՝ մեր խաթարված արժեքների, արժեզրկված հերոսների ու կառույցների հետ:
Երկուսուկես տարի է մեզ իրար դեմ են տրամադրում: Հիմա էլ ուզում են, որ կրակենք իրար վրա: Ես Նիկոլ Փաշինյանին ասելիք չունեմ, ոչ էլ նրանց, ովքեր իրենք էլ գիտեն, որ անցել են անդառնալիության կետը: Գիտեմ, որ նրանք կառչելու են աթոռից ու տանելու են բախման, նրանք այլ բան չգիտեն: Բայց սիրելի՛ քաղաքացիներ, ոստիկաններ, սպաներ, պետական այրեր, դուք կարող եք փրկել իրավիճակը ու ողբացող ժողովրդին նոր ողբի առիթ չտալ: Սիրելի ընկերներ, կարող եք հազար տարի ատել մեր երկրի նախորդ բոլոր առաջնորդներին Քաջազնունուց սկսած, նրանց պիտակել հազար ձևով, բայց Նիկոլ Փաշինյանին սատարելը մահվան դատավճիռ է բոլորիս համար: Օգնե՛ք շտկենք իրավիճակը, միացեք ցուցարարներին, օգնե՛ք չեղարկենք Փաշինյանի ամոթալի ստորագրությունը, հայտարարենք, որ այն իրավական ուժ չունի ու նորից սկսենք բանակցել՝ առաջադրելով նոր՝ լեգիտիմ բանակցողի: Մենք հաշված ժամեր ունենք: Կամ պետք է անենք սա հիմա, կամ ապրենք գլխիկոր, կոտրված մեջքով ու մտածենք նոր տեղում նոր հայրենիք փնտրելու մասին, երբ մի քանի տարի անց մեր հարևանը նորից կորոշի հարձակվել: