Armday.am-ը գրում է.
Թուրքիան և Ռուսաստանը, զգալով առավել լայն առճակատման սպառնալիքը, ներկա պահին սահմանափակում են ներգրավվածությունը Լեռային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին գրում է Reuters գործակալությունը՝ ներկայացնելով վերլուծաբանների տեսակետները:
Աղբյուրը նշում է, որ «էթնիկ հայերի դեմ կռվում Ադրբեջանին աջակցելով՝ Թուրքիան, որը վերջին տարիներին մեծաթիվ զենք է մատակարարել Ադրբեջանին, փորձում է մեծացնել իր ազդեցությունը միջազգային ասպարեզում, իսկ Ռուսաստանը ցանկանում է պաշտպանել իր սեփական շահերը Հարավային Կովկասում»:
«Սակայն ոչ մեկն էլ չի ցանկանում ներգրավվել լիամասշտաբ պատերազմում, և ըստ անկախ ռազմական փորձագետների՝ Մոսկվան և Անկարան մեծամասամբ աչք են փակում վարձկանների դերակատարության վրա»,- գրում է գործակալությունը:
Ըստ փորձագետների՝ «Ռուսաստանը, թեև պաշտպանության ոլորտին առնչվող պայմանագիր ունի Հայաստանի հետ, լավ հարաբերությունների մեջ է նաև Ադրբեջանի հետ, և դժվար թե անմիջականորեն ներգրավվի ռազմական գործողություններում, քանի դեռ Ադրբեջանը կանխամտածված հարձակում չի իրականացրել Հայաստանի դեմ»:
Գործակալությունը եզրափակում է՝ մեջբերելով Ֆրանսիայի Ռազմավարական ուսումնասիրությունների միջերկրածովյան հիմնադրամի տնօրեն Պիեռ Ռազուի կարծիքը, ըստ որի «հիմնական հարցը հետևյալն է՝ ցանկանում է արդյո՞ք Ռուսաստանը, որ Լեռնային Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին թե ոչ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։
Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։
Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։