Yerevan.today-ը գրում է.
«Պատերազմի երկարաձգման հետ մեկտեղ, արդեն մի քանի օր է, ինչ նկատելի է ռուս-ադրբեջանական դիվանագիտական լարվածությունը։ Բազմիցս Ռուսաստանը դժգոհություն է հայտնել, որ Թուրքիան Մերձավոր Արեւելքից հակամարտության գոտի է տեղափոխում վարձկան ահաբեկիչների։ Օրերս, երբ ՌԴ արտգործնախարարը այդ մասին կրկին խոսեց՝ նշելով, որ 2000-ի չափ ահաբեկիչ է մասնակցում պատերազմին, Ադրբեջանը ոչ թե հերքեց, այլ Ռուսաստանին մեղադրեց կողմնակալության մեջ: Այնուհետեւ զինյալների մասին հաստատեց Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։ Ահաբեկիչների օգտագործման դեմ հայտարարություններով հանդես եկան տարբեր երկրների ղեկավարներ, բայց Ադրբեջանի համար խիստ ցավոտ է, որ այդ մասին հատկապես Ռուսաստանն է ասում։
Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանի համար ցավոտ ՌԴ արձագանքը։ Բացի այն, որ Ռուսաստանն արդեն ավելի է կոշտացնում վերաբերմունքը ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչների տեղափոխման վերաբերյալ՝ դա դիտելով նաեւ իր անվտանգության համար սպառնալիք, նաեւ Ռուսաստանն այս ընթացքում մի շարք եղանակներով աջակցություն է տրամադրել Հայաստանին։
Ի սկզբանե Ռուսաստանը փորձել է հակամարտության մեջ բռնել արտաքնապես չեզոք դիրք, հաշվի առնելով բազմաթիվ հանգամանքներ՝ սկսած իր երկրում ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական մեծ սփյուռքը, տնտեսական կապերը եւ այլն, սակայն ամենից կարեւորն է, որ Ռուսաստանը հանդիսանում է այս հակամարտության հիմնական արբիտրը եւ որպիսզի չկորցնի իր դիրքը եւ կարողանա միջնորդ լինել, հարցը լուծելու համար, պետք է հնարավորինս անկողմնակալ մնա։ Այդ դիրքը, անկասկած, ամենից շատ մեզ է ձեռնտու, մեզ, բնականաբար, ավելի լավ է հակամարտության արբիտրը լինի Ռուսաստանը, քան ցանկացած այլ երկիր։ Ռուսաստանն ամեն ինչ արեց եւ այսօր էլ անում է խաղաղության հաստատման համար, բայց Ադրբեջանը շարունակ տապալում է այդ ջանքերն ու պայմանավորվածությունները։ Սակայն չեզոքություն պահելը, հասկանալի կերպով, Ռուսաստանի մոտ մեծ դժվարությամբ է ստացվում, թեկուզ այն պատճառով, որ Հայաստանը ռազմավարական գործընկեր է երկար տարիներ։ Ռուսները կաշկանդված են բացահայտ օգնություն ցուցաբերելու հարցում, սակայն ոչ հրապարակային դաշտում, հայկական կողմը մշտապես բավարարված է զգացել Ռուսաստանի աջակցությունից։
«Փաստ» թերթը, օրինակ, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ «Այս ամբողջ ընթացքում չի եղել որեւէ դիմում կամ խնդրանք, որը Ռուսաստանի կողմից մերժված լինի: Բոլոր հարցերը քննարկվել են բացառիկ օպերատիվությամբ եւ լուծում ստացել առավելագույն հնարավորության սահմաններում, ինչի արդյունքները ժամանակի ընթացքում իրենց զգացնել են տալիս»: Ընդ որում, ըստ մամուլի, խոսքը ոչ միայն պաշտոնական խողովակների մասին է, այլեւ այն դիմումների, խնդրանքների եւ առաջարկությունների, որոնք արվել են Հայաստանի ոչ իշխանական ուժերի կողմից, որոնք սերտ հարաբերություններ ունեն Ռուսաստանի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի հետ:
Իրոք, կան նաեւ ոչ պաշտոնական շրջանակներ ու կապեր, որոնք ձեւավորվել են տարիներ շարունակ, ու այժմ էլ շնորհիվ այդ կապերի, կոնկրետ արդյունք են բերում ի շահ մեր երիկրի։ Այսինքն, հատկապես հիմա հայ-ռուսական հարաբերությունները գործում են ծանրաբեռնված ռեժիմով։
Բնականաբար, ամեն ինչի մասին չէ, որ խոսվում է, ու այդպես էլ պետք է լինի այս փուլում։ Բայց երբ բացահայտ չի ասվում այսինչ աջակցության մասին, չի նշանակում, թե դա չկա։
Հատկապես շատ հակառուս անձինք, որոնք սնվում են հայտնի արեւմտյան շրջանակներից, հանրության մոտ Ռուսաստանի նկատմամբ բացասական տրամադրություններ ստեղծելու համար չեն խնայում ջանք ու եռանդ, մարդկանց մեջ հարցեր են առաջացնում, թե՝ «էդ չե՞ն ռուսները», «ռուսները ի՞նչ արին, որ», «ռուսները ձեռքերը լվացել են ու Հայաստանից յան տվել»։ Այդ մարդիկ պարզապես իրենց գործն են անում, բնականաբար՝ ոչ առանց շահի ու բնականաբար՝ չմտածելով երկրի շահի մասին։
Այս ընթացքում, պետական մակարդակով Հայաստանը որեւէ դժգոհություն չի հայտնել Ռուսաստանից որեւէ քայլի վերաբերյալ։ Ավելին, Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչները մշտապես ընդգծում են ՌԴ առանցքային դերը եւ չեն մոռանում միշտ շեշտել եղբայրական հարաբերությունների ու օժանդակության մասին։ Օրերս ունեցած հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր․ «Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, եւ այս առումով մենք զգում ենք նրա աջակցությունը: Բայց Ռուսաստանը նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որի խնդիրն է լինել միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, այսինքն՝ միջնորդ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ: Եվ նրա դիրքորոշումները եւ որոշումները տեղավորվում են այս ամպլիտուդի մեջ: Մենք, այո՛, զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր եւ զգում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Մենք տեսնում ենք այդ միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու եւ հարցի խաղաղ կարգավորման հասնելու համար»:
Նոյեմբերի 7-ին գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն ասում է․ «Չունենք որեւէ վերապահում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի անվտանգային եւ դաշնակցային պարտավորությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց, մյուս կողմից, հասկանում ենք, որ Ռուսաստանը նախ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որն ունի որոշակի չեզոքության պարտավորություն Լեռնային Ղարաբաղի հարցում։ Եվ որը նաեւ լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Սա, իհարկե, այքան էլ պարզ իրավիճակ չէ, բայց մենք գոհ ենք Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի ունեցած պարտավորությունների կատարման որակից»։
Իսպանական EFE լրատվական գործակալության լրագրող Պաբլո Գոնսալեսը Թվիթերի իր էջում հրապարակեց Նիկոլ Փաշինյանի հետ հարցազրույցից հատված, որում Հայաստանի ղեկավարը նշում է․ «Ռուս սահմանապահները միշտ կանգնած են Հայաստանի, Իրանի եւ Թուրքիայի սահմանին։ Եվ հիմա, երբ իրավիճակը զարգանում է, նրանք տեղակայվել են նաեւ հարավ-արեւելյան եւ հարավ-արեւմտյան հատվածում։ Ուղիղ պաշտպանությունից բացի դա նաեւ զսպող նշանակություն ունի, եթե Ադրբեջանը նպատակ ունի Նախիջեւանի հետ միջանցք բացել»:
Ռուսական կողմը բազմիցս նշում է, որ Հայաստանի դեմ ցանկացած ոտնձգության դեպքում իրենք ոչ մի վայրկյան չեն սպասի օգնելու հարցում։
Այս օրերին կարդում ենք, որ այսինչ շրջանի պաշտպանության ժամանակ երկինքը դարձավ պաշտպանված եւ իրավիճակ փոխվեց, այսինչ հատվածում միանժամանակ մի քանի թուրքական անօդաչու տապալվեց, այսինչ գհատվածում նոր զինատեսակներ սկսեցինք օգտագործել, որը փայլուն արդյունք գրանցեց։ Դրանք, բնականաբար, օդից վերցված բաներ չեն ու դա հենց այնպես ի հայտ չեն գալիս։
Պատերազմի այս ողջ ընթացքում Ռուսաստանի ցուցաբերած աջակցությունը, ըստ տարբեր աղբյուրների, շատ ավելի մեծածավալ է, քան անգամ Սովետական տարիներին։
Այս ամենը գալիս է վկայելու, որ մեր երկրում միշարք հայտնի հակառուսների ջանքերն անցնում են ապարդյուն․ չնայած նրանց ամենօրյա աշխատանքին ու տանջանքներին, Ռուսաստանը կատարում է դաշնակցային հարաբերություններից բխող ու չբխող մի շարք քայլեր։
Ինչո՞ւ ենք այս մասին նշում, որովհետեւ, կրկնում ենք, ակտիվացել են հակառուս շրջանակները, սորոսական շրջանակները, հատկապես հիմա, երբ Սորոսը ոչ միայն Թուրքիային աջակցելու կոչ է անում Ռուսաստանի հետ հակամարտության հարցում, այլեւ աջակցում է նաեւ Ադրբեջանին»։