Հայաստանի նախկին նախագահներին վերաբերվում եմ բացառիկ հարգանքով, քանի որ հարգում եմ այն պետությունը, իմ հայրենիքը, որ նրանք ղեկավարել են:

Սա է պետականության կանոնը, պետական մտածողության հիմքը և պետականակենտրոնության առանցքը: Դա է պահանջում սերունդների համերաշխությունն ու հաջորդականությունը, փոխլրացման սկզբունքն ու կիսատ թողած ծրագրերը շարունակելու հանձնառությունը:

Մնացածը էմոցիա է, ենթագիտակցական ընկալում, անձնական և անհատական հոգեվիճակ: Մի մասը պաշտում է առաջին նախագահին, և ատում երկրորդին, մյուս մասը սիրում է երկրորդ նախագահին և քննադատում ու մեղադրում երրորդ նախագահին:

Մշտապես խուսափել եմ քննադատել կամ մեղադրել նախկին նախագահներին, քանի որ համարել եմ, որ պետության նկատմամբ վաստակս դեռ շատ փոքր է նրանց քննադատելու համար:

Ինձ մանուկ տարիքից սովորեցրել են հարգել մեծերին, պահել սուբորդինացիայի կանոնները, չմեծամտանալ թվացյալ ու խիստ ժամանակավոր հաջողություններից: Քաղաքական գործունեության մեջ միշտ հավատացել եմ, որ մինչ ուրիշին քննադատելն ու մեղադրելը պետք է նայես թե դու՛ ինչ ես արել քո կյանքում, ինչ ես ստեղծել, կառուցել, արարել, թե ինչ հետագիծ ունես քո կյանքում և արդյո՞ք այդ հետագիծը քեզ թույլ տալիս է Հայաստանը ղեկավարած մարդկանց քայլերն ու գործողությունները քննադատել:

Ցավոք սրտի այսօր մենք իջել ենք մի կետի, որտեղ երջանիկ պատահականությամբ սոցիալական որոշակի առաջխաղաղացում արձանագրած որոշ միկրոմիավորներ, ռազմական ծանր դրության պայմաններում, իրենց քաղաքական հոր ոճով ու բնույթով, իրենց թույլ են տալիս պոռոտախոսել ու զազրախոսել Հայաստանի առաջին նախագահի հասցեին: Ու դա արել են այնպիսի քաղաքական միկրոէլեմենտներ, որոնք իրենց կյանքում ոչինչ չեն ստեղծել, չեն կառուցել, մտածել են քանդելու, ավիրելու մասին: Մասնիկներ, որոնք իրենց քաղաքական գոյությամբ պարտական են մի միավորի, ով իր հերթին պարտական է նույն առաջին Նախագահին:

Իրենք պետք է լայն բացեն իրենց աչքերը, զարթնեն իշխանական թմբիրից և նայեն իրենց շուրջը: Ամենուրեք ավերակներ են, հազարավոր զոհեր, տապալված պետական ու ազգային ինստիտուտներ: Չեմ խոսում Արցախում կորցրած ահռելի տարածքների մասին:

Ու սրանք դեռ հոխորտում են պատերազմ ՀԱՂԹԱԾ ու զրոյից պետություն կառուցած նախագահների հասցեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել