Կրեմ

2 հատ միջին չափի կիտրոնների կեղևը մանր քերիչով քերել, կիտրոններից քամել 150 մլ հյութ (իմ կիտրոնները շատ մեծ էին, 2 հատից այդքան հյութ ստացվեց): Կաթսայի մեջ լցնել հյութը, կեղևը, 200 գ շաքարավազ, խառնել, մինչև շաքարավազը լուծվի, ավելացնել 100 գ կտրատած կարագ ու դնել մարմանդ կրակին: Առանձին ամանի մեջ լավ հարում ենք 4 հատ ձու, 2-3 ճ. գդալ կիտրոնով տաք զանգվածից ենք ավելացնում՝ անընդհատ խառնելով, հետո ձվերը կամաց լցնում ենք կիտրոնով զանգվածի վրա՝ անընդմեջ խառնելով, որ ջերմությունից ձվերը չդառնան ձվածեղ: Խառնելով եփում ենք մոտ 10 րոպե, մինչև զանգվածը պնդանա, հանում ենք կրակից, թողնում են, որ սառչի, քամում ենք, որ կեղևը դուրս գա, ամանի երեսը ծածկում ենք ու մեկ գիշեր թողնում ենք սառնարանում, որ կրեմը հասունանա: Այս կրեմը անգլիական ծագում ունի, շատ համեղ է բրիտանական սկոնների ու սև թեյի հետ:

Խմոր

4 ձուն 150 գ շաքարավազի ու վանիլի հետ մոտ 10-15 րոպե հարել. զանգվածը պետք է մի քանի անգամ ավելանա, 125 գ ալյուրը 2 ճ գդալ կարտոֆիլի կամ եգիպտացորենի օսլայի (крахмал), մի պտղունց աղի ու 1թ. գդալ փխրեցուցիչի հետ մաղել, քիչ-քիչ լցնել հարած ձվերի վրա՝ ամեն անգամ զանգվածը ներքևից վերև խառնելով, որ փրփրուն զանգվածը չնստի: Մի քանի գդալ խմորից լցնել 70 գ գոլ կաթի մեջ, խառնել, ավելացնել խմորի մեջ, նույն ձևով խառնել: Պատրաստի խմորը լցնել տապակի մեջ, որի վրա նախօրոք յուղաթուղթ է պետք փռել: Թխել 10-15 րոպե նախապես 180 (350F) աստիճան միացրած ջեռոցում: Պատրաստի բիսկվիտը տաք փռից հանելուց անմիջապես հետո շրջել շաքարի փոշով պատված յուղաթղթի վրա, փաթաթել ռուլետի նման, թողնել սառչի: Սառչելուց հետո բացել բիսկվիտը, քսել կրեմը, նորից փաթաթել: Երեսին էլ կրեմ քսել ու զարդարել ծեծած ընկույզով կամ քերած սպիտակ շոկոլադով: Բարի ախորժակ :)

Այս շքեղ ռուլետի հեղինակը http://ninagolovkoo.blogspot.com/ բլոգի շնորհալի տիրուհին է :)
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել