Հարգելի սիրելիներ,
Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը Համահայկական հիմնադրամի՝ Արցախի ֆոնդին փոխանցեց 50 000 ԱՄՆ դոլար:
Արցախի համար կազմակերպված դրամահավաքին իրենց մասնակցությունն են բերել նաև Սրբոց Հակոբյանց միաբանության անդամները՝ Հիմնադրամի Արցախի ֆոնդին փոխանցելով 5 256 ԱՄՆ դոլար:
Սիրելի հայեր, ուզում եմ կրկնել ու երեքնել յուրաքանչյուրիդ, որպեսզի շարունակեք ձեր բարի գործը` ի նպաստ հայի և հայրենիքի, որպեսզի մեր ժողովուրդը դարձյալ կարողանա կազմակերպել իր նյութական և բարոյական գոյությունը, մինչև որ բացվեն Աստծու ողորմության դռները, և Արցախը վերագտնի իր բնականոն կյանքը:
Մենք քաջ պետք է գիտակցենք, որ արհեստական մահերը չեն կարող սպանել մեր ժողովրդին, եթե մեզանից չպակասի զոհողության և իրար նեցուկ լինելու բարեհոժարությունը:
Սիրելիներ, տվե՛ք, և թող Տերը վարձահատույց լինի ձեզ:
Իմացած եղեք, որ ձեր յուրաքանչյուր լուման կհարյուրապատկի իր արժեքը, երբ փրկի մի մանուկի, հուսադրի մի ծերի, ծածկի ինչ-որ մեկի մերկությունը, և հետ կանչի գերեզմանից ձեր հարազատներից մեկին:
Քչերդ գիտեք, թե ինչ է նշանակում օրերով հաց չունենալ տանը, և լացող երեխային կաթի փոխարեն արցունք տալ և չունենալ անհրաժեշտ դեղը մահճում գալարվող հիվանդի համար:
Մեր պարտքը թող լինի գաղջ և անտարբեր չլինել մեր հարազատների աղաչանքներին և կարիքներին: Հանուն ապրելու և ապրեցնելու՝ մի խնայեք ձեր կարելին բախտից զրկված ձեր արյունակիցների համար, որպեսզի չխռովի մեր ազգային խղճմտանքը: