ԿԱՐԵՒՈՐ. ԶԳՈՒՇԱՆԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԻՑ ՈՒ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՑ...
Ադրբեջանական կողմը պարբերաբար հրապարակում է հայ ռազմագերիների ու զինծառայողների դիակների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքեր ներկայացնող տեսանյութեր ու լուսանկարներ: Անխոս, դրանք դաժանագույն պատերազմական հանցագործություններ են և պետք է խստագույնս դատապարտվեն ու պատժվեն դրանց հեղինակներն ու խրախուսողները:
Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք առաքելության շրջանակներում շարունակաբար փաստագրում ենք այդպիսի դեպքերը և պատրաստում համապատասխան փակ զեկույցներ, ինչպես նաև տվյալները փոխանցում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակին, որպեսզի միջոցներ ձեռք առնեն ռազմագերիների ու դիակների վերադարձման ուղղությամբ:
Սակայն կուզեի մի քանի բան խնդրել մեր հայրենակիցներին՝
1. Չտարածել այդպիսի նյութերը հայկական շրջանակներում, քանի որ ադրբեջանական կողմի նպատակը հենց հայկական հասարակության տրամադրությունների վրա բացասականորեն ազդելն է այդ հոգեբանական դիվերսիաների միջոցով.
2. Չխոսել այդպիսի դեպքերի մասին հատկապես Հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված անձանց հետ.
3. Զգուշանալ նաև տեսածներին հավատալու հարցում, քանի որ երբեմն կիրառվում են կեղծ նյութեր հատկապես սիրիական պատերազմից.
Պետք չէ մոռանալ, որ տեղեկատվական-հոգեբանական անվտանգությունը Հայրենիքի անվտանգության գլխավոր բաղադրատարրերից մեկն է, և որքան քիչ տեղեկություններ ադրբեջանական տեղեկատվական դաշտից մտնեն մեր դաշտ, այնքան ավելի լավ: