«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հոկտեմբերի 19-ից 21-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես՝ մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։
BBC լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 1 ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ․ հայ-ադրբեջանական տեղեկատվական պատերազմներ» վերտառությամբ։ Հոդվածում փորձ է արված վեր հանել կողմերի՝ «իրականությանը չհամապատասխանող» պնդումները։ Չնայած ներկայացված բավարար ապացույցներին՝ գործակալությունը «խիստ վիճահարույց» է համարում Ադրբեջանի զորքերում օտարերկրյա վարձկանների առկայությունը։
CNN լրատվական գործակալությունը հոկտեմբերի 19-ին օրվա կարևորագույն իրադարձություններն ամփոփող տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։
Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 9 հոդված։ Լրատվամիջոցը անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Բրյուսել այցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որում երկրի ղեկավարը նշել է, որ տվյալ փուլում հակամարտության կարգավորման դիվանագիտական լուծում չի տեսնում։
Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 6 հոդված։ Լրատվականը գրել է, որ, չնայած հրադադար հաստատելու ջանքերին, ռազմական գործողությունները շարունակվում են։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև այն հանգամանքին, որ Լեռնային Ղարաբաղում տարածում է ստանում կորոնավիրուսը ծանր մարտերի ֆոնին։
Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական գործակալությունը մեջբերել է նաև Արտաքին քաղաքականության վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանի այն միտքը, որ հակամարտությունը վտանգավոր կերպով դուրս է գալիս վերահսկողությունից։